Չունենք էդ բանակը, դրա համար էսօր վախում ենք կրակենք․ Սամվել Բաբայան

Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածք ադրբեջանցի զինվորականների ներխուժմանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ասաց, որ պետք է առաջին հերթին բանակ ունենայինք, որի մասին ես խոսում էի, որ չունենք էդ բանակը, դրա համար էսօր վախում ենք կրակենք։

 

Հարցին, թե դա ո՞ւմ մեղավորությունն է, Բաբայանը պատասխանեց. «Նրանց, ովքեր ղեկավարել են այս վերջին 20 տարիներին, մինչեւ օրս»: 

«2-3 անգամ սահմանդ երկարել է, երկարաձգվել հազարքանի կմ է դարձել, չհաշված Թուրքիայի ճակատը, բերում է սրան, որ մարդ էլ չունես կանգնեցնես: Դրա համար պետք է բանակ կառուցել, գլուխդ կախես, ատամներդ սրես, կառուցես պրոֆեսիոնալ բանակ: Էն հեքիաթը, որ պատմում են, որ փող չունենք, էս չունենք, էն չունենք. փող չունեք՝ գերի հանձնվեք, հանձնվեք թուրքին, ռուսին, պարսիկին, ամերիկացուն, մեկին գերի հանձնվեք: Ինչ խոսում ենք՝ ասում եք փող չունենք: Հարցրեք կառավարությանը՝ պատերազմի ժամանակ ինչքա՞ն գումար են ծախսել, մեկ միլիա՞րդ, բա ինչո՞ւ մի միլիարդի զենք չեն առել»,- շեշտեց նա:

 

Բաբայանն առաջարկեց ստուգել, եթե կան հանցագործություններ, պետք է ստուգել, պատժել այդ մարդկանց: 

 

Խոսելով հնարավոր սահմանազատման գործընթացի մասին, Բաբայանն ասաց, որ առաջին հերթին պետք է Արցախի հարցը լուծել, տարածքային ամբողջականությունը վերականգնել, տալ մանդատային տարածք, նոր միայն անցնել այդ խնդրի լուծմանը:

 

Ինչ վերաբերում է Տավուշի և Հայաստանի սահմանային այլ հատվածներում այդ գործընթացի իրականացմանը՝ ՊԲ նախկին հրամանատարը հավելեց. «Տավուշի առնչությամբ ես կասեի, որ այնտեղ կան խնդիրներ. եթե իրոք գնում ենք դեմարկացիայի եւ այլն, այնտեղ ահագին տարածքներ կան, որ մերն է իրենց ձեռքին եւ հակառակը՝ կա մի քանի անկլավ, որ իրենցն  է: Հարց է՝ ավելի շատ մենք ենք շահում, թե իրենք»:

Քաղաքականություն