Երկու օր առաջ գյուղի հովվին ադրբեջանցիները շրջապատել են, սպառնացել. սա կառավարության լուծելու հարցն է, համայնքինը չէ

Ի տարբերություն Սյունիքի, որտեղ ինտենսիվ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Գեղարքունիքում իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ։ Հրապարակի հաղորդմամաբ` հակառակորդն այսօր փորձել է նույնիսկ առաջ գալ, սակայն հայկական Զինված ուժերը կանխել են առաջխաղացումը։

 

Գեղամասար խոշորացված  համայնքի (որի մեջ  է մտնում նաեւ Կութ գյուղը) ղեկավար Հակոբ Ավետյանը չհերքեց հակառակորդի առաջխաղացման փորձերը, սակայն չցանկացավ մանրամասնել, թե ինչպես են կանխել։ 


Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հատվածում միաժամանակ սահմանախախտման միջադեպեր են գրանցվել, թշնամուն հաջողվել է երկու մարզից էլ մոտ 2.5-3.5 կիլոմետր մխրճվել մեր սահման, զորք կուտակել ու մոտ մեկ շաբաթ է չեն նահանջում։

 

Գեղարքունիքի Վերին Շորժայի եւ Կութ համայնքի հատվածում դիրքային աշխատանքների անվան տակ ադրբեջանցիներ կեղծ քարտեզները ձեռքներին պնդում են, որ իրենց վերահսկողության տակ են մնացել մարզի Ակունք, Կութ, Վարդենիս, Վերին Շորժա համայնքներին պատկանող, «Սար» կոչվող արոտավայրերը։ Համայնքապետի հաշվարկով Կութից թշնամին 4-5 կմ հեռավորության վրա է․ «Այնպես չէ, որ մեծ մասշտաբներով եւ նկատելի են առաջ գալիս, բայց տեսանելի է, որ առաջ են գալիս եւ փորձում են դիրքավորել, իրենց համար սահման գծել»։ 

 

Համայնքի ղեկավարն ամեն ինչ անում է, որ համայնքում խուճապ չտարածվի, բայց համագյուղացիներն իրենք են լսում թշնամու մասին լուրերը, «ու ոնց կարող են անհանգիստ չլինել»։ Համայնքապետը պատմում է, որ երկու օր առաջ գյուղի հովվին ադրբեջանցիները շրջապատել են, սպառնացել, որ եթե արագ չազատի տարածքը՝ արոտավայրը, իրեն գերի կվերցնեն․ «Գերի չեն վերցրել, հովիվը արագ հավաքել է անասունին արոտավայրից ետ եկել։ Գյուղի անասունները էդ տարածքում են արածում, հիմա չեն հանում, սպասում ենք, տեսնենք կառավարությունը ինչ լուծում կգտնի»։

 

«Տեղում մենք ոնց կբանակցենք, կառավարությունն ամեն ինչից տեղյակ է, կառավարության մասշտաբ է էս հարցի  լուծման համար պետք, էս համայնքի ղեկավարի լուծելու հարց չի։ Եռակողմ բանակցություններ են պետք»։ Մեր հարցին, իսկ բանակցություններ ընթանո՞ւմ են եւ ինչ է հայտնի իրեն այդ մասին․ «Պաշտպանության նախարարությունը՝ բանակով ներկա է էդ հատվածում, կառավարությունից էլ գալիս, գնում են, բայց դե կարեւորը դա չէ, կարեւորը արդյունքն է։ Մինչեւ էս պահը լավ բան չկա, վատը կա, լավը չկա։ Մայիսի 12-ի ներթափանցել են ու մինչեւ օրս շարունակական առաջ են գալիս, կուտակումներ են նկատվում, բայց էլի էս վիճակից չի կարելի խուճապի մատնվել, եթե բանակցությունները նորմալ արդյունք տան, իրենք էլի հետ կգնան, եթե՝ չէ, ինչ ասեմ»։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մարզի այդ տարածքը վիճարկելի չէ, սովետական ժամանակաշրջանում էլ այդ սարը Հայաստանի տարածքում է եղել․ «Իրանք շատ են առաջ եկել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանգնած տարածքից»,- ասաց նա։