Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով նյութերի տրամադրումը դատարանը հետաձգեց

Հրապարակը հայտնում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին դատարանը հետաձգեց մայր քրեական գործով 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ բոլոր նյութերը, ինչպես նաեւ Սեւան Քոչարյանի ցուցմունքներում վկայակոչված ենթադրյալ այլ հանցագործությունների վերաբերյալ իրավական գնահատական պարունակող որոշումների պատճենները տրամադրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել։ 


«Միջնորդության մեջ նշված փաստաթղթերը պահանջելու անհրաժեշտությունը դատարանը կարող է գնահատման ենթարկել սույն քրեական գործով ապացույցները, գրավոր ապացույցների նյութերը հետազոտելուց հետո, վկաների հարցաքննությունից հետո, այսինքն՝ այդ միջնորդությունը հետաձգվում է»,- նշեց դատավորը։

 

Նշենք, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը ասում էր, որ Սերժ Սարգսյանի գործն անջատվել է հիմնական քրեական գործից, եւ նրան արդարացնող ապացույցները չեն դրվել անջատված քրեական գործում։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 3-ին՝ ժամը՝ 14։30-ին։

Նշենք, որ կորոնավիրուսի հետեւանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը եւ Սամվել Գալստյանը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:
Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։