
Մարզային բուժկենտրոններում ևս հնարավոր կլինի ներարգանդային սերմնավորում իրականացնել

Կառավարությունը հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ իրենք ստացել են բազմաթիվ խնդրանքներ, որ մարդիկ, որոնք ուզում են երեխա ունենալ, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից:
«Այս փոփոխությունների արդյունքում մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը: Այսուհետև նաև մարզային ԲԿ-ները որոշակի ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենան: Նախկինում դա ամբողջական համալիր ծառայություն էր դիտարկվում և լիցենզավորման, սարք-սարքավորումների, մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված: Այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որոնց դեպքում այդ բարդ պահանջնեևրի կարիքը չկա:
Բացի դրանից, մենք սահմանել ենք բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ: Սա թույլ կտա հսկել, որ մեկ դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավել դոնորություն անել տարբեր ԲԿ-ներում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ներդրել են նաև սաղմի դոնորության հնարավորությունը: «Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մի քանի սաղմեր ստանալ, եւ մարդիկ առաջին 1-2 անգամը հաջող ստանալուց հետո երեխաներ ունենում են, բայց ունենում ենք սաղմիկների ռեգիստր, որն անընդունելի է թափոնացնելը, եթե անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են դա ընդունել այդ նվիրատվությունը եւ երեխա ունենալ:
Հանել ենք արգելափակումները կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու, որպեսզի նրանք եւս կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ շատ բժշկական ծառայություններ հետաձգված էին, արդեն 80 բալիկ է ծնվել այս ծրագրի շնորհիվ: