«Ամուսինդ տղա՞ ա, թե՞ աղջիկ». Անդրանիկ Քոչարյանի ոչ կոռեկտ պահվածքը լրագրողի հանդեպ.

Այսօր Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ադրբեջանցիները եկել են, մի դիրք են վերցրել, ասում են՝ իրենցն է. «Հիմա գնում են բանակցություններ, խոսում են: Այսպիսի իրավիճակներ ամեն օր ծնվելու են, ամեն օր երկիրը տանենք ցնցումների՞: Բերենք  պատերազմի շեմի՞ն, թե՞ պահենք հրադադարի ռեժիմը»: Ճեպազրույցից հետո լրագրողը սրտնեղել է, որ որպես քաղաքացի՝ շատ վատ է զգում այսօրվա իրավիճակից ու որպես համեմատություն ասել՝ բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած: Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան սկսել է հարցուփորձ անել՝ «երեխեքդ տղա՞ են»: Ասել է՝ հա: Անդրանիկ Քոչարյանի հաջորդ հարցը հետեւյալն էր՝ «իսկ ամուսի՞նդ»: Լրագրողը ապշել է հարցից՝ այսինքն, ամուսինս տղա՞ է, թե աղջի՞կ, դա՞ եք ուզում իմանալ:

Լրագրող` Հռիփսիմե Ջեբջյանը ասում է` 

 « Չէի ուզում հավատալ, որ պատգամավորը կարող է անցնել կոռեկտության այս սահմանները: Հետո նա սկսեց հարցադրումներ անել, թե՝ ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք…Հանգիստ պատասխանեցի. «Տանեիք»: Ինչին հաջորդեց պատգամավորի եզրակացությունը. «Ասա ուզում ես բաժանվես»: Այս խոսակցությունը որքան տհաճ էր լսելն ու կուլ տալը, այնքան էլ տհաճ է սրա մասին լուսաբանելն ու հանրայնացնելը, բայց մի օր ինչ-որ մեկը պե՞տք է բացատրի անդրանիկ քոչարյաններին ու մյուս պետական պաշտոնյաներին, որ անձնական տիրույթ մտնելը անթույլատրելի բան է: Անդրանիկ Քոչարյան, ես ձեզ երբեւէ հարցրե՞լ եմ՝ քանի՞ երեխա ունեք, ձեր կինն ի՞նչ սեռ ունի՝ արակա՞ն, թե՞ իգական, ինչո՞վ էր զբաղված ձեր կինը պատերազմի ժամանակ…Ուրեմն բարի եղեք լրագրողների հետ խոսելիս սահմանները մի անցեք»: 

 

Քաղաքականություն