
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կմտնի դատաքննության փուլ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը մտել է դատաքննության փուլ: Գործի դատաքննությունը տեղի կունենա հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկանում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ նախագահը օրենքի համապատասխանությունը որոշելու համար ՍԴ դիմել էր ապրիլի 22-ին: Նշվում է, որ օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Նշենք, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը բուհական և գիտական համայնքներում եւս վրդովմունքի և խիստ քննադատության առարկա էր դարձել: Շատ կառույցներ, մասնավորապես՝ Հանրային խորհուրդը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ մտահոգիչ եւ անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ՝ նշելով, որ դրանք ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը: Դժգոհություններն առավելապես վերաբերում էին ռեկտորների ընտրության եւ Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (Խորհրդի 9 անդամներից 5-ը կներկայացնեն Կառավարությունն ուԿրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը)։
Վերջերս հայտնել էինք նաեւ, որ ԿԳՄՍՆ-ն որոշել է չսպասել ՍԴ որոշմանը. նախաձեռնել է կառավարության որոշման ընդունմամբ կրճատել հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 բուհերի խորհրդի կազմն ու փոփոխել ներկայացուցիչների համամասնությունը: Նոր կարգով բուհի հոգաբարձուների խորհրդի 20 հոգանոց կազմում Կառավարությունն ու նախարարությունը 13 ներկայացուցիչ են ունենալու, պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը:
Կառավարության այդ որոշման նախագիծը մայիսի 4-ին ընդունվեց դեռեւս միայն 3 բուհերի համար (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան), իսկ մնացյալ 9-ի մասով նախագիծը մնում է հանրային քննարկման փուլում: Նախարարության նախաձեռնած այս փոփոխությունը եւս արժանացավ մի շարք կառույցների քննադատությանը: Մասնավորապես՝ որոշման հետ կապված իրենց սկզբունքային անհամաձայնությունն էին հայտնում Ռեկտորների խորհուրդը, ԵՊՀ գիտխորհուրդը, ՄԻՊ-ը: ՄԻՊ-ն այս որոշման դեմ պատրաստվում էր բողոք ներկայացնել ՍԴ։
Կրթության ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ խորհուրդների ձեւավորման մինչ այժմ եղած կարգը, այն է՝ ներկայացվածությունը 25-ական տոկոս, չի արդարացնում իրեն եւ չի նպաստում առկա ճգնաժամի լուծմանը, մասնավորապես՝ ԵՊՀ-ում: Այստեղ էլ պնդում են, որ կրթական հաստատության ինքնավարությունն է հարվածի տակ դրվում, երբ կառավարման բարձրագույն այդ մարմնում կառավարությունն ու նախարարությունը ավելի շատ անդամներ են ունենում: Իսկ, օրինակ, նախարար Վահրամ Դումանյանը կարծում է, որ պետության հիմնադրած կրթական հաստատությունում հենց այդպես էլ պետք է լինի, ու դա է ճիշտ: