
Արցախի Աղավնո բնակավայրում 12 նոր տուն է կառուցվել․ համայնքը վերաբնակեցվում է

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը հայտնել է, որ գյուղում կառուցվել է 12 նոր տուն։ Նա պարզաբանել է՝ տները տրամադրվել են այն բնակիչներին, ովքեր նախապես հայտ էին ներկայացրել համայնքապետարանին:
«Ունենք վերաբնակիչներ. նրանք մեծ մասամբ Քաշաթաղի շրջանից են, մեկ ընտանիք էլ՝ Հադրութից: Պատերազմից հետո գյուղի բնակիչների 40 տոկոսն է վերադարձել, ինչը շատ ցավալի է: Ես միշտ ասել եմ՝ տունը ապրողինն է, հողը՝ մշակողինը: Եթե մինչև մայիսի վերջ մեր համագյուղացիները չվերադառնան, և նորից չշենացնեն Աղավնո գյուղը, այդ տները կտրամադրենք մեր մյուս հայրենակիցներին, ովքեր դրանց կարիքն ունեն»,- ավելացրել է Չավուշյանը՝ նշելով, որ առաջիկայում կսկսեն նոր տների կառուցման աշխատանքներ ևս:
Նա տեղեկացրել է նաև, որ «Արի» ծրագրով գյուղում կառուցվում են բուժկետ և խաղահրապարակ: