«Իմ քայլի» պատգամավորը չի պատրաստվում հերքել Արմեն Գեւորգյանի մասին իր հայտարարությունը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը բողոքարկելու է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը պատգամավորին պարտավորեցրել է հերքել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները եւ որպես փոխհատուցում վճարել 1.400.000 ՀՀ դրամ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ջուլհակյանը։
«Ես Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք եմ ներկայացնելու, անհամաձայնութուն ունեմ վճռի բովանդակության հետ։ Ես շարունակում եմ հղում անել Բուզանդ փողոցում կառուցապատում իրականացնող կազմակերպություններից մեկի երբեմնի ղեկավարին՝ Պավել Անդերսոնին, որը 2012–ին բավականին ծավալուն հարցազրույց էր տվել «Հետք» պարբերականին եւ մանրամասն նշել բոլոր այն պաշտոնյաների անունները, որոնք ներգրավված են եղել իր հետ այդ կառուցապատման գործընթացում։ Նա նշել է նաեւ գումարի չափը, թե ում ինչքան կաշառք է տվել Բուզանդ փողոցում կառուցապատում իրականացնելու իրավունքը այսպես ասած՝ վաստակելու համար»,– ասաց Արուսյակ Ջուլհակյանը՝ պնդելով, որ այդ հայտարարությունները պետք է քննության ենթարկվեն եւ իրավական գնահատական տրվի դրանց։
Պատգամավորի համար անհասկանալի է դատարանի դիրքորոշումը, որովհետեւ ըստ նրա՝ Քաղաքացիական օրենսգիրքը հստակ նշում է, որ այն դեպքում, երբ խոսքը հնչում է հղում անելով կոնկրետ աղբյուրի, ապա մարդը չի կարող ենթարկվել պատասխանատվության։
«Մի հարց է, որ դեռ պետք է ստուգել այդ հանգամանքների իսկությունը եւ այդ ստուգումը իրականացվում է հիմա, քննչական մարմինները զբաղվում են դրանով, եւ պարոն Գեւորգյանն էլ դրա մասին շատ լավ տեղեկացված է այդ գործընթացներից, բայց մեկ այլ հարց է քաղաքացիական այս գործընթացը, որն անհիմն եմ համարում, որ ես հղում եմ արել կոնկրետ մարդու, ինքս ինձնից ինչ–որ բան չեմ հորինել»,– նշեց Արուսյակ Ջուլհակյանը։
Նշենք, որ դատարանը նախագահությամբ Արթուր Ստեփանյանի՝ ապրիլի 6–ին, մասնակիորեն բավարարել է Արմեն Գեւորգյանի հայցն ընդդեմ Արուսյակ Ջուլհակյանի եւ Մուշեղ Շուշանյանի՝ վիրավորանք եւ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու, հրապարակային ներողություն խնդրելու եւ փոխհատուցում պահանջելու, անմեղության կանխավարկածի խախտումն արձանագրելու, հրապարակային ներողություն խնդրելու եւ փոխհատուցման պահանջների մասին։