Նիկոլ Փաշինյանը որոշել է ավելացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարների թիվը
ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր փոփոխություն է կատարել 2018 թվականի հունիսի 11-ին ընդունած իր նախկին որոշումներից մեկի մեջ։
Խոսքը «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու» որոշման մասին է, որով «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկած վարչապետը որոշ կրճատումներ էր արել պետական ապարատում։
Այսօր փաստորեն Փաշինյանը նոր փոփոխություն է արել` 1-ով ավելացնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալների թիվը` ներկայիս 4-ի փոխարեն դարձնելով 5-ը։
Թե ինչով է պայմանավորված այս որոշումը, կառավարությունում չեն մեկնաբանում։
Հետաքրքրական է, որ փոխնախարարի հաստիքը որոշվել է ավելացնել այն պահին, երբ տվյալ նախարարությունը նույնիսկ ղեկավար չունի։ Նախարար Մեսրոպ Առաքելյանը ապրիլի 23-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո վարչապետ դարձած Փաշինյանն ու նրա ղեկավարած քաղաքական թիմը պարբերաբար հայտարարում էին պետական ուռճացված ապարատի կրճատման անհրաժեշտության մասին։