
Դեմ եմ, որ ԵՊՀ-ի շենքի կարգավիճակը փոխվի. ԵՊՀ-ի շենքը մնալու է իր տեղում. նախարար

Ակադեմիական քաղաքի մասին դեռ ընթանում են քննարկումներ, բայց հստակ որոշումներ դեռևս չկան, երբ լինեն, բոլորը կտեղեկանան, քանի որ ոչ մի հարց վարագույրի ետևում չի քննարկվում: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ակադեմիական քաղաք ստեղծելու և դրա շրջանակում Երևանի բուհերի վաճառքի հարցին:
«ԵՊՀ-ի շենքը մնալու է իր տեղում, և ես ասուլիսի ժամանակ էլ, հիմա էլ ասում եմ՝ դեմ եմ, որ ԵՊՀ-ի շենքի կարգավիճակը փոխվի: Ունենք ակադեմիական քաղաքի գաղափարը, կա քաղաքական կամք, իսկ դետալներ կամ մեկնաբանություններ չկան, հենց լինեն, լրագրողներն անմիջապես կիմանան: Շենքերի վաճառքը այս գաղափարի արժեք չունեցող մասն է:»,- ասաց Վահրամ Դումանյանը:
Նախարարը նաև անդրադարձ կատարեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծին նշելով՝ այժմ գտնվում է նախագահի մոտ:
««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը կունենա իրավական ճակատագիր, և մենք կանխագուշակումներով չենք զբաղվում, իրավական ճանապարհ ասելով նկատի ունենք օրենքը, այս պահին նախագիծը գտնվում է նախագահի աշխատակազմում սպասենք ու տեսնենք՝ ինչ է լինում: Նման հետաքրքրություն և քննարկումներ ոչ մի օրենքի նախագծի շուրջ չեն եղել»,- նշեց նա:
Դումանյանը նաև չցանկացավ մեկնաբանել այսօրվա հոտնկայս ծափահարությունները Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո: «Իհարկե, ես նույնպես ոտքի կանգնեցի և ծափահարեցի, բայց ես չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ քննարկում ծավալել լրագրողների հետ, դա եղել է իմ անձնական որոշումը և ես չեմ պատրաստվում որևէ մեկին հաշվետվություն տալ»,- ասաց Վահրամ Դումանյանը: