Ծնողները բացել են ՊՆ մուտքերը. «Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին». ԳՇ պետի հետ հանդիպման մասնակից
Անհետ կորած զինծառայողների ծնողները բացեցին պաշտպանության նախարարության մուտքերը։ Որոշումը կայացվել է ԳՇ պետի և գեներալների հետ հանդիպումից հետո, չնայած, որ հանդիպման արդյունքներից ծնողները գոհ չէին։
Լրատվամիջոցներին նրանք այլ մանրամասներ չհայտնեցին։
Գլխավոր շտաբի պետն ու գեներալիտետը բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, լրագրողներին ասաց ԳՇ պետի և գեներալների հետ հանդիպմանը մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։
«Գլխավոր շտաբի պետն ասում է, որ տվյալ գործը իր իրավասությունների տակ չէ, որևէ հարցի լուծում չի կարող գտնել: Ակնկալիքներ չկան: Ասում են՝ աշխատում ենք, բայց չենք հասկանում՝ ինչի վրա։ Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին», - ասաց նա։
Պաշտպանության նախարարը հանդիպմանը չի մասնակցել։
Քաղաքացին նշեց՝ վիճակը անհասկանալի է, իսկ գերիների և անհայտ կորածների հարցը օդում կախված է:
Հիշեցնենք՝ անհայտ կորածների ու գերիների հարազատները 2 օր անընդմեջ շրջափակել էին ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը: Արտակ Դավթյանի հետ հանդիպումից հետո գերիների և անհետ կորածների հարազատները բացեցին ՊՆ-ի մուտքերը: