Ես նայեցի Փաշինյանի աչքերի մեջ ու ասացի, որ դժգոհ եմ նրա գործունեությունից. Ո՞վ է «չհամաձայնեցված» հարց տված փաստաբանը. ArmDaily .am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Հայ փաստաբանների հանդիպումը Մոսկվայում բավականին աղմուկ բարձրացրեց։ Մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հանդիպման հարցերը նախապես համաձայնեցվել են Նիկոլ Փաշինյանի, նրա արարողակարգի պատասխանատուի ու Զարեհ Սինանյանի հետ, և որ այդ հանդիպումը շատ լարված մթնոլորտում է անցել, նույնիսկ մասնակիցներից մեկը չհամաձայնեցված հարց է տվել։ ArmDaily.am-ը կապ է հաստատել ռուսաստաբնակ փաստաբան Նարեկ Կոստանյանի հետ, ով երեկվա հանդիպման ժամանակ Փաշինյանին օրակարգից դուրս երկու հարց էր ուղղել։

 

-Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ վարչապետի հետ հանդիպման ժամանակ տրվող հարցերը նախապես կազմվել ու բաժանվել են հանդիպման մասնակից փաստաբաններին։

-Թյուրըմբռնում է եղել։ Հարցերն իրականում համաձայնեցվել են ասոցիացիայի ներսում, ոչ թե վարչապետի հետ։ Լրագրողներն այս նյուանսը ճիշտ չեն հասկացել։ Որպեսզի հանդիպմանը տրամադրված ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործվի, որոշվեց, որ ասոցիացիայի ներսում հենց իրենք՝ փաստաբանները առաջարկում են իրենց մոդերատորին հարցեր։ Այս հարցերից մոդերատորը ընտրում է մոտավորապես 20 ամենաակտուալ հարցերը, որոնք վերաբերում են հիմա տեղի ունեցող գործընթացներին Հայաստանում։ Այն բոլոր հարցերը, որոնք եղել են, հեղինակել են հենց իրենք՝ փաստաբանները, ոչ թե իրենց համար նախապես պատրաստված են եղել։

-Իսկ ի՞նչ հարց եք տվել ու արդյոք ստացաք ձեր հարցի պատասխանը։

-Այո, տվել եմ հարց, որը համաձայնեցված չի եղել ասոցիացիայի հետ, բայց հանկարծակի ստացվեց, այդպիսի հնարավորություն ունեի այդ հարցը տալու։ Հարցս հետևյալն էր, ես ասացի, որ չեմ համակրում նախկին իշխանություններին և չեմ հիանում նաև իր գործունեությամբ։ Ես ուղիղ պրն Փաշինյանի աչքերի մեջ նայեցի և հայտնեցի նրան, որ ոչ միայն ես, այլև բազմաթիվ մեր հայրենակիցներ դժգոհ են իր գործունեությունից։ Նա առանց էմոցիաների նայեց իմ աչքերի մեջ, լսեց հարցը մինչև վերջ։ Հարցս հետևյալն էր, թե որ պայմանների դեպքում պատրաստ եք փոխանցել իշխանությունը Ձեր օպոնենտներին ու ինչպիսի՞ն պիտի լինի այդ օպոնենտը և ո՞ւմ է համարում իրեն մրցակից։ Ես ուզում էի հասկանալ՝ նա ինչ-որ մեկին իրեն մրցակից համարո՞ւմ է, թե ոչ։ Հարցին ի պատասխան՝ նա բավականին, իմ կարծիքով, բավականին կոռեկտ պատասխանեց, որ նշանակված են արտահերթ ընտրություններ Հայաստանում։ Նա ասաց, որ նման բան չկա, որ ինքը չի ուզւոմ փոխանցել որևէ մեկին իշխանությունը և որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նա սիրում է չէ միշտ ժողովրդին հիշատակել։ Նա ասաց, որ ընտրություններում հաղթող քաղաքական ուժն էլ կգա իշխանության։ Եվ եթե դա ինքն ու իր կուսակցությունը չեն լինի, ապա իրենք առանց որևէ միջադեպի ու աղմուկի իշխանությունը կփոխանցեն ընտրություններում հաղթանակ գրանցած քաղաքական ուժին։ Նա բավականին մանրամասն ու սպառիչ պատասխան տվեց իմ հարցին։ Երկրորդ հարցս ևս ասոցիացիայի հետ համաձայնեցրած չէր և այն մասին էր, թե հայ ժողովրդին խոստացած բարեփոխումներից որո՞նք նա չի հասցրել իրագործել։ Հիշո՞ւմ եք, որ 2018 թվականին թավշյա հեղափոխության ժամանակ խոստացավ մի շարք բարեփոխումներ իրականացնել մեր օրենսդրության մեջ։ Նա ասաց, որ ինքը, ցավոք սրտի, չհասցրեց իրականացնել բարեփոխումներ դատական համակարգում, որ արդարանալը այնքան էլ լավ բան չէ, բայց ինքը չհասցրեց դրանք իրագործել։ Փաշինյանն ասաց, եթե բոլոր այդ դատավորներին ազատեր աշխատանքից, ապա ո՞վ նրանց փոխարեն պիտի գար, փոխարինողներ չկային և ստիպված էր աշխատել այն դատավորների հետ, ովքեր նշանակվել են նախկին իշխանությունների կողմից։ Նա տեղեկացրեց, որ բարեփոխումների ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, որպեսզի ավարտին հասցվեն բարեփոխումները դատական համակարգում։

-Միջադեպ եղե՞լ է հանդիպման ժամանակ, որ մասնակիցներից մեկը ցուցադրաբար լքի հանդիպման սրահը կամ ո՞ր հանդիպման անդամների ցուցակում նշված ոչ բոլոր մարդիկ են ներկա եղել։

-Ոչ, ովքեր եղել են ցուցակում՝ բոլորը անցել են, խեղաթյուրված տեղեկատվություն է տարածվել։ Հանդիպման մասին տեղեկատվությունը մեզ նախապես է փոխանցվել և փաստաբաններն ու իրավաբանները, ովքեր ցանկացել են մասնակցել հանդիպմանը՝ նրանք ներկա են եղել, ովքեր չեն կարողացել մասնակցել՝ չեն մասնակցել, այն մարդիկ, ովքեր եկել են, բայց ցուցակում ներառված չեն եղել՝ նրանց չեն թողել մտնել, ինչը շատ տրամաբանական է։

-Հանդիպման մասին լուրից հետո հանդիպման մասնակիցներին սկսեցին մեղադրել, որ Փաշինյանի հետ հանդիպման գնացած փաստաբանները լեգիտիմացրել են վերջինիս այցը Ռուսաստան և այլն։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք քննադատությունների այս ալիքը։

-Ոչ, դա այդպես չէ։ Սխալ է այն կարծիքը, որ Ռուսաստանի հայ փաստաբանների ասոցիացիան պրոփաշինյանական կամ պրոքոչարյանական ուղղություն ունի՝ դա այդպես չէ։ Պարզապես, այս ասոցիացիան այլ դեր ու նշանակություն, ուղղություն ունի։ Ասոցիացիայի հիմնական նպատակը մեր հայրենակիցներին իրավաբանական օգնության տրամադրումն է՝ անկախ այն հանգամանքից՝ գտնվում են նրանք Ռուսաստանում, թե Հայաստանում։ Թե ով կլինի երկրի իշխանության ղեկավարը՝ նույնպես նշանակություն չունի։ Ասոցիացիան պատրաստ է հանդիպել Քոչարյանի աջակիցների ու այլ պատկան դեմքերի հետ, մեր պատմական հայրենիքի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ես տեսա ինձ ցուցակում, որը հետո ներկայացվեց, որպես դավաճանների ցուցակ։ Դա այդքան էլ այդպես չի։ Ինձ հետաքրքիր է եղել տեսնել Հայաստանի առաջին դեմքին և հարց ուղղել նրան՝ ինձ հետաքրքրող խնդրի վերաբերյալ։

-Ձեր հարցից հետո ասոցիացիայում քննարկո՞ւմ եղել է, որ չպետք էր նման հարց ուղղել Փաշինյանին և այլն։

-Իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել։ Միգուցե ինչ-որ մեկն ասել է հետո, թե ինչու ինձ կարելի էր այնպիսի հարց ուղղել, որը չի քննարկվել ասոցիացիայի ներսում, իսկ իրենց ոչ, բայց իմ ներկայությամբ նման քննարկում չի եղել։

-Ձեզանից բացի կայի՞ն այլ մասնակիցներ, ովքեր օրակարգից դուրս հարցեր ուղղեցին Փաշինյանին։

-Ես նման բան չեմ հիշում։ Քանի որ չեմ հիշում հաստատված հարցերը՝ չեմ կարող ասել, թե որքանո՞վ են հնչած հարցերը համաձայնեցված եղել կամ օրակարգից դուրս։

-Հանդիպումն ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն թողեց Ձեզ վրա։ Փաշինյանն իրեն կոմֆորտ միջավայրո՞ւմ էր զգում, թե այնուամենյանիվ, մթնոլորտը լարված էր։

-Հնչեցված հարցերի մեջ շատ էին իրավաբանական բնույթի հարցերը։ վարչապետը անկեղծացավ, որ իրավաբան չէ մասնագիտությամբ, այդ իսկ պատճառով կդժվարանա պատասխանել խիստ մասնագիտական հարցերին՝ պրոֆեսիոնալ տերմինալոգիայով։ Բնական է, որ իրավաբանական կրթություն չունեցող անձը չէր կարող մասնագիտական հարցերին պատասխանել, չնայած նա փորձում էր հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ։ իսկ ընդհանուր առմամբ կայացավ դիսկուրս՝ քաղաքակիրթ, ինչպես մյուս բոլոր քաղաքակիրթ երկրներում՝ հարց, պատասխան, առանց ընդհատումների։ Նա լսում էր հարցերն ամբողջությամբ ու իմ կարծիքով՝ նա պատասխանեց բոլոր հարցերին, չէր խուսափում հարցերից ու տալիս էր սպառիչ պատասխաններ, չէր խուսափում հարցերից։

-Ի՞նչ գիտեք ձերբակալված երիտասարդների մասին։

-Հստակ չեմ կարող ասել, բայց այն անձինք, ովքեր հյուրանոց էին մտել, սակայն ներառված չէին ցուցակում՝ նրանց դուրս են հրավիրել, բայց թե հետո ինչ է եղել՝ տեղյակ չեմ։ Բայց ուզում եմ հավելել, որ Ռուսաստանի Հայ փաստաբանների ասոցիացիան չի հանդիսանում քաղաքական կազմակերպություն, այն ունի բացառապես այլ խնդիրներ, ուղղություններ և մեր նպատակը բոլոր հայերին իրավաբանական օգնություն ցուցաբերելն է, և այս կամ այն թեկնածուի կամ քաղաքական գործչի աջակցելու որևէ նպատակ չունի։

Քաղաքականություն

Պատահարներ