Շաթդաունի պատճառով ԱՄՆ-ն դադարել է վճարել Եվրոպայում իր ռազմաբազաների աշխատողներին
ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը հանգեցրել է նրան, որ դաշնային իշխանությունները դադարեցրել են Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմական բազաների տեղացի աշխատողների վճարումները, հաղորդում է Associated Press-ը։
Իրավիճակը ազդել է հազարավոր եվրոպացի աշխատողների վրա, ովքեր սպասարկում են ԱՄՆ բազաները Գերմանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում և մի շարք այլ երկրներում։ Գերմանիան որոշել է ժամանակավորապես իր վրա վերցնել աշխատավարձերի վճարումը՝ հույս ունենալով, որ Վաշինգտոնը կփոխհատուցի գումարները շաթդաունի ավարտից հետո։ Սակայն մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում և Պորտուգալիայում, աշխատակիցները պարզապես մնացել են առանց վարձատրության։
Շաթդաունը սկսվել է հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Այն տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ պետական ծախսերի մի շարք ուղղությունների շուրջ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում։
Փորձագետների գնահատմամբ՝ եթե ֆինանսավորումը չվերականգնվի առաջիկա օրերին, կարող են առաջանալ լուրջ խնդիրներ ոչ միայն բազաների աշխատանքի, այլև ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագրերի իրականացման մեջ։





























