
ՀՅԴ-ն դեռ որոշում չունի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի է ունենում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթի ժամանակ ասաց, որ ՀՀ-ն ունի հզոր դաշնակիցներ, որոնցից մեկն ամենակարևորն է՝ Ռուսաստանի Դաշնությունը:
«Մեր դաշնակիցներն են նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը: Մեր շարժումը ունի հետևյալ առաջարկությունը՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, ստեղծվի ժամանակավոր կառավարություն, ինչից ժամանակ մենք կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնալու, որոշ բաներ կվերականգնվեն: Ինչ-որ ժամանակ անց ընտրություններ կլինեն, և ժողովուրդը կորոշի, թե ում կընտրի նախագահ»,- նշեց Վազգեն Մանուկյանը:
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողներից մեկի հարցին, արդյոք Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը դաշինք կկազմի՞ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հստակ պատասխան չտվեց:
«ՀՅԴ-ն դեռ որոշում չունի, հենց լինի, անպայման կհայտնենք»,- նշեց Սաղաթելյանը:
Հանրահավաքին ներկա էր նաև շարժման անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մենք բավականին լուրջ խոսել ենք ստեղծված այն իրավիճակի մասին, որն այսօր Արցախում և Հայաստանում է: Այս իրադրությունը մտահոգիչ է ոչ միայն Երևանում, ոչ միայն Արցախում, այլև ՀՀ մարզերում: Մեր ժողովուրդը տարածքային համաչափ զարգացման գաղափարի ներքո հնարավորություն ունի իր տեսակետն արտահայտելու և իր երկրի զարգացումն ապահովելու համար»,- նշեց Օհանյանը: