Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման մասին. Մակունց

Յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևոր հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու մեր պետությունը՝ ազգային ինքնության և հիշողության պահպանությամբ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ զուգակցելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀ տարբեր պաշտոնյանների հայտարարություններին, թե Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է մոտեցումներ փոխվեն:

Մակունցն ընդգծեց, որ որևէ պաշտոնյայի կողմից Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, մոտեցում չի հնչեցվել:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հայ-թուրքական հարաբերություններն հետպատերազմյա շրջանում, Մակունցը պատասխանեց.

«Մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ թշնամական վերաբերմունք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման մասին»։

Մակունցի խոսքով՝ հնչող բոլոր հայտարարությունները տարածաշրջանային վերաձևավորումների և փոփոխությունների համատեքստում են.

«Մենք, որպես պետական պաշտոնյաներ, պարտավոր ենք հաշվի առնել դրանք և ըստ այդմ վերադիրքավորվել։ Դա բոլորովին այն մեկնաբանությունը չէ, որը հնչեցվում է։ Կրկին ուզում եմ շեշտել, որ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը մեր յուրաքանչյուրի առաքելությունն է»,-ասաց Լիլիթ Մակունցը: