
Հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է, անգամ քանդել են գերեզմանները, այնտեղից հանել ոսկորները և հանձնել ադրբեջանական կողմին. Զոհրաբյան

Փաշինյանը պարտավոր է Մոսկվայում բարձրացնել ռազմագերիների հարցը և չստորագրել որևէ այլ փաստաթուղթ՝ մինչև մեր բոլոր գերիները չվերադառնան տուն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ժամանակ նախատեսվում է քննարկել 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման, ընթացքը, մասնավորապես տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցը։ Օրակարգում ներառված չէ հայ գերիների հայրենադարձման հարցը, թեեւ օրեր առաջ ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանը ՌԴ գործընկերով հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր,որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ պայմանավորվածությունը՝ գերիների մասով։
«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար ճիշտ և գրագետ բանակցել, ապա բոլոր հայ գերիները և ռազմագերիները արդեն վաղուց վերադարձած կլինեին Հայրենիք, - այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ պայմանագրում հստակ արձանագրված է, որ կրակի դադարեցումից հետո, բոլոր գերիները պետք է վերադարձվեն:
«Հայկական կողմը արդեն վաղուց Ադրբեջանին վերադարձրել է ոչ միայն այս պատերազմի ընթացքում գերեվարված անձանց, այլ նաև ահաբեկիչներին, մարդասպաններին և 90-ականների պատերազմում հայկական տարածքներում մնացած ադրբեջանցի զինյալների ոսկորները: Քանդել են գերեզմանները, այնտեղից հանել ոսկորները և հանձնել ադրբեջանական կողմին», - նկատել է պատգամավորը:
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Էրդողանի և Ալիևի պահանջները բավարարելու փոխարեն՝ մասնավորապես Սյունիքով Նախիջևան հասնելու միջանցք տրամադրելու վերաբերյալ, վարչապետը կարող էր նշել, որ ոչ մի կոմունիկացիայի բացում չի լինելու, մինչև վերջին գերեվարված անձը չվերադառնա Հայաստան:
«Կարծում եմ, որ Մոսկվա գնալով Փաշինյանը նորից կքննարկի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, մասնավորապես ` Սյունիքի տարածքներով Ադրբեջանին միջանցք բացելու մասին: Բայց Փաշինյանը պարտավոր է դնել ռազմագերիների հարցը և չստորագրել որևէ փաստաթուղթ, մինչև մեր բոլոր գերիները չվերադառնան տուն», - շեշտեց նա:
«Ես վստահ եմ, որ Ալիևի համար այնքան կենսական նշանակություն ունեն կոմունիկացիաների ապաշրջափակումը, որ եթե Հայաստանի իշխանությունները լինեին հետևողական, այլ ոչ թե ստեին և խաբեին գերւների ծնողներին, մենք այսօր մեծ առաջընթաց կունենայինք գերիներին վերադարձնելու հարցում», - եզրափակեց Զոհրաբյանը:
Նկատենք, որ չնայած եռակողմ պայմանավորվածությանը, ըստ որի բոլոր գերիները պետք է վերադառնան Հայրենիք, Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերի, իսկ Հայաստանում չկա ոչ մի ադրբեջանցի գերի։