
Անձամբ իմ տեսակետն այն է, որ կարելի է նշել, բայց շատ ոչ ճչացող միջոցառումներով. Աղազարյանը` քաղաքացու օրվա մասին. ArmDaily

Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել քաղաքացու օրը Ցեղասպանության օրվա հետ համընկնելու, ինչպես նաև այն նշել-չնշելու հարցը։
Նշենք, որ ըստ «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» օրենքի քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում այդ օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: Ինչը գործնականում անհնարին է դարձնում համընկնումը ապրիլի 24-ի հետ։ Ըստ այդմ այս տարի քաղաքացու օրը նշվելու է ապրիլի 25-ին։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով քաղաքացու օրվան, ասաց. «Նշել կարելի է տարբեր ֆորմատով, ես կարծում եմ, որ կառավարությունը կգտնի համապատասխան բանաձև, զուսպ, միգուցե ավելի հավասարակշռված, ոչ մեծ միջոցառումներով։ Օրինակի համար ոչ խորովածով նշել, դա կառավարության որոշելիք հարցն է։ Անձամբ իմ տեսակետն այն է, որ կարելի է նշել, բայց շատ ոչ ճչացող միջոցառումներով»։
Մենք նաև հարցում ենք ուղարկել կառավարություն՝ քաղաքացու օրվա հետ կապված սպասվելիք միջոցառումների մասին։