Արտահերթ ընտրությունների հարցում պատրաստ ենք քննարկումների եւ գործնական քայլերի. Լիլիթ Մակունց
Մեր դիրքորոշումը չի փոխվել․ մենք հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում բաց ենք, պատրաստ ենք քննարկումների եւ գործնական քայլերի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընթանում են բանակցություններ վարչապետի եւ մյուս խմբակցությունների ղեկավարների միջեւ, վերջնականացումը կլինի առաջիկա օրերին, եւ հույս ունենանք, որ կքննարկենք, թե ինչ տարբերակով ենք առաջ շարժվում։ Համենայն դեպս, մենք արտահայտել ենք մեր քաղաքական կամքը՝ կոնսենսուսով գնալ արտահերթ ընտրությունների», ասել է Լիլիթ Մակունցը։
Լ․Մակունցի խոսքով, զուտ գործընթացի առումով, արտահերթ ընտրություններն ունեն իրենց ընթացակարգը, որի մասին են, իր կարծիքով, նշել ընդդիմադիր խմբակցությունները։
«Բանակցությունների ժամանակ մենք պետք է հասկանանք, որ համաձայն են արտահերթ ընտրությունների, գիտեք, որ շրջանառության մեջ ենք դրել ընտրական օրենսգիրքը, եթե առարկություններ կամ դիտարկումներ կան, պատրաստ ենք քննարկել նաեւ դրանք», նշել է նա։
Լիլիթ Մակունցն ընտրությունների ժամկետների վերաբերյալ որեւէ բան ասել չի կարող, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպես կընթանան ընդդիմադիր խմբակցությունների հետ բանակցությունները, եւ հայտնի չէ, թե այդ հարցում նրանք ինչ դիրքորոշում ունեն։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հաստատել է նախօրեին կառավարական ամառանոցում խմբակցության եւ վարչապետի հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չի հայտնել, պատճառաբանելով, որ հանդիպումը փակ է եղել։