Լոս Անջելեսը նոյեմբերի 9-ը հռչակել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի զոհերի հիշատակի օր
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է բանաձև, որով իր աջակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության բնակչությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, բանաձևը ներկայացրել են խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանն ու Միտչ Օ՛Ֆարելը:
Բանաձևում նշվում է, որ Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի բնակչությանը, որոնք «էթնիկ և մշակութային տեսանկյունից հայեր են և բնիկ են տվյալ տարածաշրջանում և որոնք համարձակորեն իրենց անկախությունը հռչակեցին Խորհրդային Միությունից և Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից շուրջ 30 տարի առաջ ու դրանից հետո ժողովրդավարական ինքնակառավարում էին իրականացնում»:
Բանաձևն անդրադարձ է կատարել 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմի սանձազերծած պատերազմին՝ նշելով. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծեցին լայնածավալ հարձակում Արցախի Հանրապետության նկատմամբ՝ կոորդինացնելով գործողությունները Թուրքիայի հետ և ստանալով նրա աջակցությունը՝ այդպիսով ամբողջովին զրոյացնելով 30 տարվա հրադադարն ու վերսկսելով լայնամասշտաբ պատերազմ: Դրա նպատակն էր ոչնչացնել և էթնիկ զտման ենթարկել բնիկ հայ բնակչությանն ու ուժի միջոցով նվաճել Արցախի անկախ Հանրապետությունը»:
Ընդգծվում է, որ Ադրբեջանը մտադրված կերպով թիրախավորել է Արցախում քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով ծանր զենքեր, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և ծանր հրետանի, ինչը հանգեցրել է ավերածությունների, զոհերի և մեծ թվով արցախցիների տեղահանության:
«Ադրբեջանի զինված ուժերը և դրա վարձած ահաբեկիչները սարսափելի պատերազմական հանցանքներ ու կոտորածներ են իրականացրել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանություններ, խոշտանգումներ, անդամահատումներ»,- նշել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները: Նրանք արձանագրել են նաև, որ բռնի ներխուժման ողջ ընթացքում Ադրբեջանն ահաբեկել է քաղաքացիական բնակչությանը՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված զինատեսակներ՝ կլաստերային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր:
«Այս բանաձևի ընդունմամբ՝ Լոս Անջելես քաղաքը հարգում և սգում է այս հարձակմանը զոհ դարձած հազարավոր անձանց մահը և 2020 թվականի նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիշատակի և ոգեկոչման օր»,- ասվում է բանաձևում:
Քաղաքային խորհրդի անդամները որոշել են՝ քանի որ Շուշի քաղաքն այժմ անօրինական կերպով վերահսկվում է Ադրբեջանի կողմից, իրենք ժամանակավոր կասեցնում են Շուշիի հետ «բարեկամ քաղաք»-ի կարգավիճակը: Նրանք խոստացել են վերականգնել կարգավիճակը, երբ քաղաքը կրկին ազատ կլինի ադրբեջանական նվաճումից:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի առևանգված օդանավը. Yerevan.Today
Yerevan.Today-ի տեղեկություններով՝ մեկ-երկու ժամից Հայաստան վայրէջք կկատարի առևանգված Boeing 737 ինքնաթիռը, որն ան...
Այս պահին Ակնայում ադրբեջանցիները թեյախմություն են կազմակերպել. ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան
Էս պահին Ակնայում ադրբեջանցիները թեյախմություն են կազմակերպել Բաքվի բռնապետի խորհրդականի գլխավորությամբ։Ուղիղ եթերով հեռ...
Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանին կառավարության նիստերին չհրավիրելու պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այլևս կա...