Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն. նախարար Ռուստամ Բադասյանը Ճապոնիայում է
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից։
Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննարկելու հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։
Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է նաև ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։
«Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։
«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետ...
Խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի. Ազատամուտ համայնքի ղեկավար. Tert
Ռուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի, քանի որ որևէ պաշտոնական հայտա...
Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստանի «Էրեբունի» ռազմակայան
Համացանցում տեղեկություն եւ լուսանկար է տարածվում, որ Ռուսաստանը շարունակում է իր ռազմատեխնիկան տեղափոխել Հայաստան...
Razm.info-ն ներկայացրել է, թե ինչ են խոսում ադրբեջանցի սահմանապահներն, որոնք անցել են Կապանով և տեսագրել ճանապարհը
Ֆեյսբուքի ադրբեջանական խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջաներեն խոսող անձինք ավտոմեքենայ...