Արտառոց իրավիճակ չկա. Մաքսային կցորդը հերքում է Լարսի անցակետում անհավասար վերաբերմունքի մասին լուրերը

Վերին Լարսի անցակետում բեռնատարների հերթ կա, սակայն այն փոքրանում է, անկախ ազգությունից՝ բոլորի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, որևէ մեքենայի թույլ չի տրվում արտահերթ անցնել՝ բացառությամբ թույլատրված հատուկ դեպքերի:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ Արամ Թանանյանը վստահեցրեց՝ փչացող հայկական ապրանքներ չկան, լինելու դեպքում ինքն անպայման ահազանգ կստանար:

«Հերթ, այո՛, կա, Վրաստանում Խաչի լեռնանցքի փակ լինելու պատճառով 5 օր կանգնեց, հետո բացվեց: Հիմա արդեն երրորդ օրն է, ինչ աշխատում է: Ամեն օր մաքսավորները շատ մեծ քանակի մեքենաներ են բաց թողնում, բայց նաև մեծ քանակ էլ ավելանում է: Հերթը փոքրանում է: Բոլորը մի հերթում են կանգնած՝ լինի հայ, թուրք, վրացի, ուզբեկ, ռուս, բելառուս, ուկրաինացի: Եվ ոչ մեկի չեն թողնի արտահերթ դուրս գալ հերթից»,-ասաց Թանանյանն ու հավելեց՝ նույնիսկ դատարկ մեքենաներին թույլ չեն տալիս արտահերթ անցնել, արտահերթ անցկացնում են կենդանիներին, փչացող ապրանքները, վառելիքը, հեղուկ գազը և այլն:

Շրջանառվող տեղեկությունները, թե ռուսները օգնում են ադրբեջանական բեռնատարներին անցնել, Թանանյանն անհեթեթություն որակեց: «Մաքսավորները, տեսուչները որևէ մեկին չեն աջակցում, ադրբեջանցիներին՝ առավել ևս: Բոլորին վերաբերվում են հավասարապես: Այդպիսի բան երբևէ չի եղել»,-նշեց Թանանյանը:

Միևնույն ժամանակ մաքսային կցորդը չի նկատել, որ այդ հատվածով ադրբեջանական մեքենաներ անցնեն, դրանք հատուկենտ կարող են լինել: «Իրենք Բաքվից Մախաչկալայով հանգիստ մտնում են Ռուսաստան»,-նշեց նա:

Թանանյանը նաև վստահեցրեց, որ եթե բեռնատարներում փչացող բեռ է լինում, անգամ Լարսին չմոտեցած՝բեռնատարների վարորդները, բեռնափոխադրողներն իրենց իսկույն հայտնում են այդ մասին: «Եթե ինձ չեն զանգել, նշանակում է, որ փչացող բեռ չունենք»,-ասաց նա:

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 1500-ից ավելի մեքենա կա կանգնած: Կցորդի խոսքով՝ երբ հերթը կանգնում է, օրական մոտ 500 մեքենա ավելանում է, ինչը շուրջ 7-8 կմ է: «Եթե հինգ օր կանգնել է, ապա 35 կմ հերթ է առաջացել՝ կտոր-կտոր՝ Լարսի մատույցներում, Վլադիկավկազի մերձքաղաքային գոտում, Ուրուխում»,-նշեց Թանանյանը:

Նա վստահեցրեց, որ հայկական բեռնատարների վարորդների հետ մշտական կապի մեջ է, տեղյակ է բոլորի խնդիրներին, հաճախ է մոտենում կանգնած մեքենաներին, հետաքրքրվում խնդիրներով, զրուցում վարորդների հետ: «Արտառոց իրավիճակ, լարվածություն չկա»,-հավելեց Թանանյանը:

Քաղաքականություն

Պատահարներ