Կարծես ԲԴԽ-ում արշալույսներն էլի խաղաղ չեն. Թագուհի Թովմասյանը՝ ԲԴԽ նախագահին
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում նոր անդամներ են ներգրավվել, և կարծեք էլի արշալույսները խաղաղ չեն: Այս մասին Ազգային ժողովում դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Կուզենայի մանրամասնեք, թե ինչ է կատարվում ԲԴԽ-ում, միմյանց դատի՞ եք տալիս, նոր անդամին չե՞ք ընդունում»,-հարցրեց պատգամավորը:
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ ԲԴԽ-ում շատ առողջ, կառուցողական մթնոլորտ է: «ԲԴԽ-ում նոր անդամների հետ որևէ խնդիր չկա, նոր անդամները մասնակցում են նիստերին, եթե իրենց հարցնեք, իրենք էլ կհավաստեն, որ առողջ մթնոլորտից բացի կառուցողական մթնոլորտ է»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ հետագա աշխատանքը ևս արդյունավետ է լինելու:
Թագուհի Թովմասյանը նկատեց, որ իրավական ԲԴԽ ի ներսում իրավական գործընթացներ են տեղի ունենում և ԲԴԽ նախագահը նշեց, որ դատավորներից մեկն իր դեմ հայցով դիմել է վարչական դատարան, այն հիմքով, որ ԲԴԽ նախագահը հայտարարություն տարածի Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լրանալու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու մասին: «Ես, ունենալով նման լիազորություն, այդ հայտարարությունը չեմ տարածել, և վարչական դատարանը կորոշի այդ ելքը»,-ասաց նա: