Պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին բռոնցքով հարվածած քաղաքացին բերման է ենթարկվել և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Փետրվարի 26-ին «Իմ քայլը» հայտարարություն էր տարածել` դատապարտելով խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա հարձակումը։

«Փետրվարի 26-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ԱԺ պատգամավորից հաղորդում է ստացվել, որ ԱԺ շենքի՝ Բաղրամյան պողոտայի անցակետի մոտ անծանոթ անձը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իրենց խմբակցության պատգամավորների հասցեին։ Երբ պատգամավորը փորձել էր կարգի հրավիրել քաղաքացուն, նա բռունցքով հարվածել էր պատգամավորի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 27-ին, ժամը 08։45-ին, նախկինում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար դատապարտված 47-ամյա տղամարդը Նոր Նորքի 8-րդ զանգվածում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։

 

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» հայտարարության մեջ նշվում էր, որ «Հայրենիքի փրկման շարժման» անդամներից կազմված մի խումբ փետրվարի 26-ի առավոտյան հարձակում է գործել արցախյան երեք պատերազմի մասնակցած և դեռ վերջին պատերազմի վիրավորումից ամբողջովին չապաքինված, 67-ամյա, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա։

 

Քաղաքականություն

Պատահարներ