Ո՞վքեր են կանգնած նոր ավիաընկերության թիկունքում. hetq. am

Հայկական ավիացիան գտնվում է այնպիսի վիճակում, որ ավիափոխադրումների շուկա մտնող ցանկացած նոր ընկերություն՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց, հետաքրքրություն է առաջացնում: Վերջերս դաշտում հայտնվել է նոր անուն՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ»: Որքան հետաքրքիր են այս ընկերությանը ծրագրերը, նույնքան (տվյալ դեպքում գուցե եւ ավելի շատ) հետաքրքիր է, թե ովքեր են կանգնած դրա թիկունքում: «Հետքը» որոշ մանրամասներ է պարզել այս ավիաընկերության արտասահմանցի սեփականատիրոջ մասին, ինչին չենք կարող մատների արանքով նայել:  
Հայ-եվրոպական նախագիծը մտնում է հայկական ավիացիոն շուկա 
Չնայած հուլիսի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն «Մարս Ավիա» ընկերությանը զրկել է օդանավ շահագործողի վկայականից, մեր երկրում կոմերցիոն ավիափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող ընկերությունների թիվը չի փոխվել, քանի որ դաշտ է մտել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը»:  
Ինչպես տեղեկանում ենք ՔԱԿ-ի կայքից, այս օպերատորը կոմերցիոն փոխադրումների իրավունք տվող փաստաթուղթ՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել հուլիսի 2-ին: Նկատենք, որ ընկերությունն այս հարցով դեռ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին էր դիմել կոմիտեին, սակայն վերջինս հայտի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո թերություններ էր հայտնաբերել եւ դրանք վերացնելու մասին ծանուցել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզին»: Այդուհանդերձ, դիմումատուն չէր վերացրել բացթողումները, ինչի հետեւանքով ՔԱԿ-ն ապրիլին հայտարարել էր, որ որոշել է դադարեցնել հայտի հետագա ուսումնասիրությունը եւ ընկերությանն առաջարկել փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կրկին դիմել՝ վկայական ստանալու համար: Եվ ահա, փաստորեն, նոր փոխադրողը հաջողությամբ հաղթահարել է այս փուլը: 
Սրանցից «Արմենիան Հելիքոփթերսը» ուղղաթիռներ է շահագործում, իսկ «Սքայբոլը»՝ օդապարիկ, մյուսները ինքնաթիռային օպերատորներ են: Օդանավերը ներկվում են. 
ՕՇՎ ստանալուց հետո «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» հայտարարել է, որ ուղեւորափոխադրումների համար նախատեսված եւ «Boeing 737» տիպի ինքնաթիռներով համալրված ավիապարկը կընդլայնվի, քանի որ պլանավորված ուղղությունների քանակը (ներկա պահին՝ Ռուսաստան, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք) կավելանա՝ հաշվի առնելով  դեպի Լոս Անջելես, Պեկին եւ Շանհայ իրականացվելիք թռիչքները: Ավիաընկերության կայքում ներկայացված են «Boeing 737-800» եւ «Boeing 737-300» տիպի ինքնաթիռներ: Բեռնափոխադրումների համար էլ օպերատորը նախատեսում է շահագործել «Airbus A300B4» եւ «Boeing 747-200» տիպի օդանավեր: Ավիաընկերությունն օգտագործելու է «Զվարթնոց» օդանավակայանը, որը, ըստ փոխադրողի, իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ կծառայի որպես տարանցիկ կենտրոն: 
Ավիաընկերության ներկայացուցիչն ասում է, թե իրենք ԵՄ «սեւ ցուցակում» չկան: Ավիաընկերությունն իր կայքում նշում է, որ թռիչքներ է իրականացնելու դեպի Ռուսաստան (Մոսկվա, Կալինինգրադ, Դոնի Ռոստով, Կրասնոդար, Սոչի), Եվրոպա (Մարսել, Պրահա, Ստամբուլ) եւ Մերձավոր Արեւելք (Դամասկոս, Թել Ավիվ): Եվրամիության տարածքի մաս կազմող Մարսելի եւ Պրահայի առումով պետք է հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության թույլ վերահսկողության պատճառով Հայաստանում գրանցված ավիաընկերությունները հունիսի 2-ից մտցվեցին Եվրամիության «սեւ ցուցակ», ԵՄ երկինքը մեր փոխադրողների առաջ փակվեց: Այս սահմանափակումը վերաբերում է նաեւ դրա հայտարարումից հետո շուկա մտած ընկերություններին, ինչպիսին է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը»: Ընդհանրապես, արգելքը հաղթահարելու եւ առեւտրային թռիչքներ իրականացնելու համար որեւէ հայկական ընկերություն ստիպված կլինի համապատասխան աուդիտ անցնել՝ ԵՄ-ին ապացուցելու, որ համապատասխանում է վերջինիս չափանիշներին:  

Սակայն Կ. Ծատուրյանը պնդում է, որ իրենց ավիաընկերությունը ՕՇՎ ստացել է Եվրահանձնաժողովի որոշումից հետո, հետեւաբար «Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» խնդիր չունի: «Մենք օդանավ շահագործողի վկայական ստացել ենք այն փաստից հետո, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները զրկվել են ԵՄ մուտքից: Մեր ՕՇՎ-ի ստատուսը գործող ստատուս է: Մենք այդ խնդիրը չունենք: Բացի դրանից՝ մենք ունենք պայմանագիր եվրոպական ավիաընկերության հետ, որը թռչելու է մեր օդանավերով, մեր անվան տակ, մեր լոգոտիպի տակ, իսկ գրանցման օդանավակայանը «Զվարթնոցն» է, որն էլ թույլ է տալիս դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել առանց որեւէ խնդրի»:

 

Փաստն այն է, որ «սեւ ցուցակում» են ներառվում բոլոր այն ավիափոխադրողները, որոնք սերտիֆիկացված են իրենց հանդեպ կանոնակարգող վերահսկողություն իրականացնող Հայաստանի իշխանությունների կողմից (All air carriers certified by the authorities with responsibility for regulatory oversight of Armenia): Այսինքն՝ քանի որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզին» վերահսկելու է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, իսկ վերջինս գոնե այս պահին իր որոշ գործառույթների առումով, այսպես ասած, վստահություն չի վայելում Եվրահանձնաժողովի կողմից, ՔԱԿ-ի կողմից վերահսկվող եւ ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողները հայտնվել ու հայտնվելու են նշված ցուցակում: Իսկ ինչ վերաբերում է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» գործընկեր եվրոպական ավիաընկերությանը, որը, ըստ Ծատուրյանի, թռչելու է իրենց օդանավերով, «Հետքի» զրուցակցից այդպես էլ չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Մեր ճշգրտմանն ի պատասխան՝ նա ասաց, որ դեպի Եվրամիություն թռիչքներն այլ ավիաընկերության միջոցով չեն իրականացվելու, «codeshare» թռիչքներ չեն լինելու. «Մեր չվերթներն իրականացնելու ենք մեր օդանավերով, մեր անձնակազմով, մեր գրանցման օդանավակայանից՝ «Զվարթնոցից»»:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» կողմից թիրախավորված քաղաք-ուղղությունների մեծ մասը հայաշատ բնակավայրեր են: Այս առումով օպերատորն ինքն իրեն ներկայացնում է որպես «Հայաստան-Սփյուռք» ավիաընկերություն, որը տրանսպորտային ծառայություններ է մատուցելու ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող եւ աշխատող հայերին:

 

Կարեն Ծատուրյանի փոխանցմամբ՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդաչուական անձնակազմը բաղկացած է հայերից: «Հիմա անցնում են թրեյնինգներ, վերջացնում են արդեն»,- նկատեց նա՝ հավելելով, որ տեխնիկական կազմը եւս հայեր են լինելու, դա լինելու է հենց ավիաընկերության թիմը (որոշ ավիաընկերություններ օդանավերի տեխսպասարկումը պատվիրում են մասնագիտացած ընկերությունների), որին միանալու են արտերկրից խորհրդատուներ եւ «սուպերվայզերներ», ովքեր «Lufthansa»-ում եւ «Austrian Airlines»-ում աշխատանքի փորձ ունեն:

«Մենք ունենալու ենք մեր պահեստը, հիմա աշխատում ենք որպես կայացած ավիաընկերություն: Այս պահին մեր խնդիրը մեր փակ երկինքն է: Երբ դրա բացման ինֆորմացիան պաշտոնապես հրապարակվի, մենք կսկսենք տոմսերի վաճառքը: Քանի որ ներկայանում ենք որպես կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություն, չարտերային թռիչքներով չենք ուզում սկսել: Չնայած դրա վերաբերյալ վերջնական որոշում չկա, դա ուղղակիորեն կապված է ժամկետների հետ, թե երբ է կանոնավոր չվերթների համար Հայաստանի օդը բացվելու»,- ասում է Կարեն Ծատուրյանը:

 

Մանրամասները և ամբողջական հոդվածը` նյութի սկզբնաղբյուրում: