Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ կայքը։
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ավանդը կունենա Հայաստանի և Բելառուսի գործընկերային հարաբերությունների առավել խորացման գործում: Անդրադարձ կատարելով Արցախում ռազմական գործողությունների դադարեցմանը՝ Միրզոյանը նշել է, որ եռակողմ հայտարարության լիակատար կյանքի կոչման համար անհրաժեշտ է, որպեսզի ադրբեջանական կողմն օր առաջ վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ գերեվարված անձանց:

Դեսպան Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ուժերը ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների խորացման: Նա կարևորել է Արցախում  կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանումը ու հավաստիացրել է, որ Բելառուսը պատրաստ է ներդնել իր ջանքերը՝ աջակցելու ռազմագերիների վերադարձին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում երկու երկրների խորհրդարանականների միջև փոխգործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր:
 

Քաղաքականություն

Պատահարներ