
Եթերազրկված Հ2-ի անձնակազմը նամակ հանձնեց ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը

Եթերազրկված «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի անձնակազմն այսօր՝ փետրվարի 15-ին, խորհրդանշական ակցիա է իրականացրել, նրանք նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը:
Հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Բոլորդ տեղյակ եք «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի եթերազրկման պատմությունից: Մենք նամակներ ենք պատրաստել, որոնք պետք է հանձնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ գրասենյակ»:
Շավարշ Գեւորգյանն ընթերցեց նամակը. «ՀՌՀ հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ 2021-ի հունվարի 15-ին կայացրել է որոշում, ըստ որի Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից: Հատկանշական է, որ գործող հեռուստաալիքներից միայն Հայկական երկրորդն է, որ այս որոշման արդյունքում կորցրել է հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու իր իրավունքը:
Վերջին տարիներին մեր հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը, որը զուգորդվել է մեզ լռեցնելուն ուղղված բազմաթիվ եւ հետեւողական քայլերով, մեզ մոտ կասկածի տեղ չի թողնում, որ վերոնշյալ որոշումն ամբողջապես տեղավորվում է նույն տրամաբանության մեջ:
Ավելի քան 20 տարի Հայկական երկրորդ հեռուստաալիքը տարածվել է ՀՀ ամբողջ տարածքով, այն եղել եւ շարունակում է մնալ ազատ եւ անաչառ լրատվամիջոց: Հանրապետական ծածկույթ ունեցող ազատ եւ անաչառ լրատվամիջոցների եթերզարկումն աննախադեպ է ՀՀ պատմության մեջ եւ լրջագույնս հարված է խոսքի եւ մամուլի ազատությանը, եւ որ ամենակարեւորն է՝ ժողովրդավարությանը Հայաստանում:
Հայկական երկրորդ հեռուստաալիքը օրենքով սահմանված բոլոր միջոցներով պայքարելու է, որ վերականգնվի ՀՀ քաղաքացիենրի ազատ ու անաչառ տեղեկատվություն ստանալու ժողովրդավարության հասարակության համար անչափ կարեւոր իրավունքը»:
Շավարշ Գեւորգյանը տեղեկացրեց, որ նամակներ են ուղղելու նաեւ Հայաստանում գործող իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններին, նաեւ ՄԻՊ-ին:
Նա ընդգծեց, որ իրենք դիմել են նաեւ դատարն, գործը վարույթ է ընդունվել. «Առաջիկայում կունենանք ասուլիս, եւ հեռուստաընկերության ղեկավար անձնակազմը բոլոր մանրամասներով, բոլոր հարցերին կանդրադառնա»: