Ավինյանը Նիկոլաս Սխերմերսինի հետ քննարկել է ռազմագերիների վերադարձի խնդիրները

Փետրվարի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել փոխվարչապետի գրասենյակը:

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը  և բարձր գնահատել դեսպան Սխերմերսի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սխերմերսը շեշտել է իր պատրաստակամությունը՝ ջանք չխնայելու հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Արցախի հիմնահարցն ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին: Փոխվարչապետը ներկայացրել  է գերիների փոխանակման գործընթացի ներկայիս փուլը՝ հարցը համարելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունը: Նա շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանին՝ Արցախի հարցում ցուցաբերած դիրքորոշման, ինչպես նաև Արցախի բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին բանաձևի ընդունման համար:

Հանդիպման օրակարգում են եղել նաև հայ-նիդերլանդական տնտեսական համագործակցության  և Հայաստանի տնտեսական բարեփոխումների հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները տնտեսական կյանքի վերականգնման ուղղությամբ:

Տիգրան Ավինյանը խոսել է տնտեսական դիվանագիտությունը զարգացնելու Հայաստանի մտադրության մասին, որը պետք է կենտրոնանա օտարերկրյա ներդրումների ներգրավման, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, նորարարությունների ու գիտության ոլորտում համագործակցության վրա:

Այս համատեքստում կարևորվել է հայ-նիդերլանդական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների և այլ ոլորտներում:

Կողմերը միաժամանակ բարձր են գնահատել միջազգային ֆինանսական հաստատություններում, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի շրջանակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը:

Քաղաքականություն