ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամեն ինչ կորցրել եմ, թխվածքների փոքր արտադրամասս փակվեց. առաջին չվերթների ուղևորները հիմնականում ՌԴ քաղաքացիներն են

Ռուսաստան մեկնող հայերը դեպի ՌԴ ավիատոմսերի արժեքների կտրուկ աճ են նկատում։ NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝  դեպի ՌԴ մուտքի վերաբացումից հետո առաջին չվերթներով  ՌԴ մեկնողներն ասացին, որ ավիատոմսերը գրեթե կրկնակի թանկացել են։

«Նախկինում տոմսը գնում էինք 14 հազար ռուբլիով, հիմա՝ արդեն 23 հազարով։ Քանի որ սահմանները բաց են մեկ ամսով, հավանաբար, քաղաքացիները շտապում են մեկնել Ռուսաստան, ինչի արդյունքում էլ տոմսերի արժեքները բարձր են»,- ասաց մի տղամարդ։

Մեզ հետ զրույցում «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ տոմսերի գները չեն թանկացել։

 «Շատ մարդիկ են ցանկանում մեկնել, պահանջարկը մեծ է։ Էժան տոմսերն արագ սպառվում են, մնում են թանկարժեքները, և այդպես թվում է, թե տոմսերը թանկացել են»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։

Մեկնումից երեք օր առաջ քաղաքացիները հանձնել են կորոնավիրուսի թեստ «Ճամփորդում եմ առանց Covid 19»-ի հավելվածի միջոցով։

«Հեռախոսի մեջ ներբեռնեցի հավելվածը։ Այնտեղ նշված լաբորատորիաներից մեկում հանձնեցի թեստը մեկնումից երկու օր առաջ, պատասխանը ներբեռնեցի հավելվածի մեջ, կանաչ լուսավորությունը եղավ և մեկնելու թույլտվությունը ստացա»։

Շատ քաղաքացիներ էլ օդանավակայանում պարզեցին, որ իրենց թեստերը սխալ  լաբորատորիայում են հանձնել, և չեն կարող մեկնել, նրանք աղմուկ բարձրացրին, ինչից հետո ավիաընկերությունը բացառության կարգով հնարավորություն տվեց տոմսը փոխել, և մեկնել մի քանի օր անց։

Մեր զրուցակիցները հիմնականում ՌԴ քաղաքացիներ էին, որոնք կորոնավիրուսի պատճառով չէին կարողացել մեկնել Ռուսաստան, շատերը արդեն կորցրել են աշխատանքը ՌԴ–ում և փորձելու են նորից ոտքի կանգնել։

«Հայաստան եկել էի նախորդ տարվա փետրվարի 19-ին։ Սահմանների փակվելու պատճառով ես մնացի այստեղ, կինս և երեխաս՝ Ռուսաստանում։ Մեկ տարվա մեջ ինչ հնարավոր է, կորցրել եմ։ Թխվածքների փոքր արտադրամաս ունեի, բայց քանի որ չէր աշխատում այդ ընթացքում, վարձակալման գումար և աշխատավարձեր չկարողացա տալ, և արտադրամասս փակվեց»,- պատմեց մի տղամարդ։

Մեկնողների շարքում էին նաև Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք Հայաստան ժամանել էին տարեվերջին կամ տարեսկզբին՝ հարազատներին տեսնելու նպատակով։

 «Հնարավոր է՝ ամռանը վերադառնամ։ Եթե ինձ մնար, մշտական բնակություն կհաստատեի, սակայն Ռուսաստանում մշտական աշխատանք ունեմ, հարազատներս այնտեղ են»,- ասաց քաղաքացիներից մեկը։

 Հիշեցնենք, որ այսօրվանից՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը մեկ ամսով բացվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն։

 Այսօր դեպի Մոսկվա իրականացվել է չորս չվերթ։