
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը վերագործարկելու հարցը քննարկման առարկա կդառնա փոխվարչապետերի եռակողմ հանդիպման ժամանակ

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը վերագործարկելու հարցը կբարձրաձայնվի առաջիկա բանակցությունների ժամանակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը՝ նշելով, որ օրհասական այդ հարցին կառավարությունը տեղյակ է եւ ուշադրության կենտրոնում։
Համայն հայության հանգանակած գումարներով վերակառուցված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը պատերազմից հետո հայերի համար փակվել է՝ բազմաթիվ դժվարություններ առաջացնելով և՛ Գեղարքունիքի մարզի, և՛ Արցախի Հանրապետության բնակիչների համար։ Արամ Մելքոնյանի խոսքով այս հարցը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական հսկողության ներքո է, որի վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ընթանում։
«Վարդենիսից մոտ 100 մարդ է Արցախում աշխատում։ Հիմա բնակիչները 450-500 կմ ճանապարհ պետք է անցնեն, որ հասնեն իրենց աշխատավայր։ Բացի այդ օրական 150-200 մեքենա մենակ Վարդենիս համայնքով էր անցնում և բնականաբար դրանց ինչ-որ մասն օգտվում էր տարբեր ծառայություններից, այդ թվում ավտոտեխսպասարկման, սննդի կետերից, մթերային խանութներից, հետևաբար տնտեսական առումով էլ ենք վնասներ կրում։ Այդ ճանապարհը կենսական նշանակություն ունի Վարդենիսի համար»,-ասաց համայնքապետը։
Վերջինս նկատեց՝ չկա այնպիսի դեպք, երբ բնակիչները Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհն ավելի երկար ճանապարհով փոխարինելու պատճառով հրաժարվել են իրենց աշխատանքից։ Ըստ նրա՝ բոլորը շարունակում են գնալ, իհարկե հերթափոխով, բայց շարունակում են աշխատել։
«Վերջին անգամ երկու ժամ առաջ եմ մարզպետի հետ զրուցել այս հարցի վերաբերյալ։ Նրա հետ քննարկման արդյունքում հասկացա, որ այս ամենը կառավարության ուշադրության կենտրոնում է և կառավարությունն էլ է շահագրգռված, որ ճանապարհը շահագործվի»,-ասաց Արամ Մելքոնյանը։
Հարցին՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը գործարկելու հարցը հնարավո՞ր է ներառվի տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպման օրակարգում, Արամ Մելքոնյանը նկատեց՝ հնարավոր է․ «Փոխվարչապետը բարձրացնելու է նաև այս հարցը։ Եթե ապաշրջափակում, ապա միանշանակ բոլոր ճանապարհները պետք է ներառել»,-հավելեց Վարդենիսի համայնքապետը։