Սամվել Կարապետյանը 2-րդ տեղն Է զբաղեցրել Forbes-ի` «Անշարժ գույքի ռուսական արքաները» վարկանիշում

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի անունը հայտնվել է «Forbes»–ի «Անշարժ գույքի ռուսական արքաները-2021» վարկանիշում։
Ցանկում ընդգրկվածների եկամուտներն անցյալ տարի նվազել են 24 տոկոսով: Ամենաշատը տուժել են հյուրանոցների և առևտրի կենտրոնների սեփականատերերը։

Վարկանիշը գլխավորել են Գոդ Նիսանովն ու Զարահ Իլիևը։ Forbes-ի տվյալներով` նրանց «Киевская площадь» ընկերությունը վարձակալության միջոցով ավելի քան 1,2 մլրդ դոլար է վաստակել:

Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը, որը 67 անշարժ գույք ունի Մոսկվայում, Պետերբուրգում և Սոչիում: Խոշորագույն օբյեկտների թվում են «Ռիո» առևտրի կենտրոնը, «Kvartal West» միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), «Novotel Moscow City»–ն։ Վարձակալությունից ստացած եկամուտը կազմել է 585 մլն դոլար։

Նշվում է, որ 2020-ին «Տաշիրը» երեք օբյեկտ է բացել՝ Մոսկվայի «Kvartal West» ՄՖԿ-ն, Արխանգելսկի «Family Room» կահույքի կենտրոնը և Կալուգայի «SK Plaza» առևտրային-գրասենյակային կենտրոնը:

Երրորդ տեղում է «Սաֆմար» խումբը՝ եղբայրներ Միխայիլ և Սաիթ Սալամ Գուցերիևների գլխավորությամբ։ Անցյալ տարի վարձակալության շնորհիվ նրանք վաստակել են մոտ 460 մլն դոլար։