Հասարակություն

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ հաջակցություն Արցախի

Unknown 1,767 դիտում
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ հաջակցություն Արցախի

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լորդերը հանդես են եկել՝ ի պաշտպանություն Արցախի՝ դեմ արտահայտվելով Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությանը, մշակույթի օբյեկտների ոչնչացումներին,  ռազմական հանցագործություններին, ռազմագերիների դեմ բռնությանը և այլն: Այս մասին հաղորդում է Tert.am-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը:

Առաջին հերթին, ի պաշտպանություն Արցախի, հանդես է եկել հայ ժողովրդի մեծ բարեկամ՝ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

«Գիտեք արդյո՞ք, որ չնայած հրադադարի ռեժիմին, դեռ կան հաղորդումներ ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմական և քաղաքացիական գերիների դեմ կատարվող վայրագությունների մասին:

Իմ այցի ընթացքում և դրանից հետո ես տեսել եմ խեղումների, խոշտանգումների և սպանությունների տեսանյութեր և լուսանկարներ. այնտեղ հայերի գլխատումներ են իրականացվում: Լսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գերիներից վերցնում հեռախոսները, նկարահանում նրանց խոշտանգումներն ու սպանությունները և ուղարկում նրանց ընտանիքներին:

Արդյո՞ք Նորին մեծության կառավարությունը կգործի վճռականորեն՝ ապահովելու համար, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի կատարված և լավ փաստաթղթավորված ոճրագործությունների համար, թե՞ Ադրբեջանին թույլ կտան շարունակել անպատժելիությունը», - մտահոգվել է նա:

Բարոնուհի Իթոնն իր հերթին է բարձրացրել արցախցիների ցեղասպանության հարցը.

«Համաձայն Genocide Watch-ի՝ նոյեմբերին լույս տեսած «ցեղասպանության գործընթացի 10 փուլերի»՝ Ադրբեջանն արդեն հասել է 9-ին, այն է՝ ոչնչացման, և 10-րդ-ին՝ հերքման: Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Նորին Մեծության կառավարությունը վերջին պատերազմում Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության զոհերին պաշտպանելու և նրանց մասին հոգ տանելու պարտականությունը կատարելու համար»,- հարցրել է նա:

Քովենթրիի լորդ եպիսկոպոսն էլ անդրադարձել է Արցախի մշակութային ժառանգության թեմային:

«Ինչպես արդեն նշվել է, հազարավոր հայկական հուշարձաններ և մշակութային ժառանգության օբյեկտներ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, ներառյալ հնագույն եկեղեցիները, վանքերը և հուշարձանային կառույցները: Կան ապացույցներ, որ Ադրբեջանն արդեն սկսել է հերքել այդ վայրերի հայկական ժառանգությունը: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը`ՅՈՒՆԵՍԿՕ-ին աջակցելու համար ամենանշանակալի մշակութային հուշարձանների գույքագրում իրականացնելու հարցում, և արդյո՞ք բանակցություններ վարվել են Ադրբեջանի հետ` 1954 թ.-ին կնքված Հաագայի՝ զինված բախումների հետևանքով մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների վերաբերյալ»,- շեշտել է հոգևորականը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250