Հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը. Փաշինյանը՝ Բելառուսի դեսպանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-բելառուսական կապերի հետագա ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով:
Վարչապետն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ դրա առնչությամբ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում:
Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և նշել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը: Այդ առումով վարչապետը կարևորել է առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երևան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ:
Վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և վարչապետ Ռոման Գոլովչենկոյին:
Նմանատիպ հոդվածներ
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ հաջակցություն Արցախի
Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում բանավոր հարցեր են հնչել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որտեղ լոր...
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակցի դին
Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայու...