Ո՞րքան կտուգանվեն, առանց վարորդական իրավունքի, մեքենա վարողները

Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։ ՀՀ ԱԺ–ն այսօր քննարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների համապատասխան նախագիծը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը, ներկայացնելով փաստաթուղթը, հիշեցրեց, որ տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո վարորդների համար առավելագույն տուգանքը իջեցվել է մինչև 25 հազար դրամ։ Միաժամանակ հարց է առաջացել ՝ ինչպես տուգանել վարորդական իրավունք չունեցողներին։

«Նախագիծը վերաբերում է առաջին հերթին այդ հարցերին։ Այդ դեպքում նախատեսվում է 200 հազար դրամի չափով տուգանք», - ասաց Խաչատրյանը։

Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էլ նշեց, որ փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ոստիկանների արձանագրած խախտումների համար վարորդներին միավորից զրկելուն:

Այդ կետն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից։

Բացի այդ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկով քննարկումների ժամանակ իջեցվեց մեքենայում ծխելու համար նախատեսված տուգանքը՝ 1 միավորի փոխարեն վարորդները կկորցնեն 0,5 միավոր: