ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալ-հոգեբանական ծառայությունների և կրթության միջոցով աջակցում է Արցախի հակամարտությունից տուժած երեխաներին
Պատկերացրեք՝ 13 տարեկան եք: Պատկերացրեք, որ մի գիշեր ստիպված եք եղել փախչել հայրենի քաղաքից թողնելով ամեն ինչ՝ հարազարտներին, ընկերներին, իրերը…
«Լեռնային Ղարաբաղից ամբողջ ճանապարհին վախ էի զգում, շատ անհանգիստ էի: Ավտոբուսում հազիվ էի արցունքներս զսպում, որ մայրիկս, քույրերս ու փոքր եղբայրներս չտեսնեն։ Արդեն քառասուն օր է՝ այս ճամբարում ենք, այստեղ շատ ընկերասեր են, ինձ շատ են օգնել: Հիմա վախս արդեն անցել է, հիմա ամեն մի բջիջովս կարոտում եմ մեր տունն ու մեր գյուղը», - պատմում է 13-ամյա Արմինեն։
Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում սրված հակամարտությունը Արմինեի նման գրեթե 39 000 երեխայի թողեց առանց կրթության, դպրոց հաճախելու հնարավորության: Տեղահանության հետևանքով առաջացած տրավման, կորստի զգացողությունն ու ապագայի հանդեպ անորոշությունը տարատեսակ ազդեցություն են ունենում երեխաների վրա: Շատերը շփման խնդիրներ են ունենում, դժվար են քնում, վարքային փոփոխություններն են ի հայտ գալիս: Այս ամենն է՛լ ավելի է վատթարանում կորոնավիրուսային համավարակի ու ժամանակավոր կացարանների գերբնակեցված լինելու պայմաններում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հոկտեմբերի սկզբից համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ երեխաներին տրամադրելով անհատական և խմբային հոգեբանական աջակցություն։ Տուժած համայնքներում ներգրավելով հոգեբանների, սոցիալական աշխատողների, ինչպես նաև ուսուցիչների՝ առաջնային խնդիրը եղել է կրթության վերսկսումը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ ավելի քան 1100 երեխա և խնամակալ աջակցություն են ստացել «Ծնողի դպրոց» ծնողական, կրթական, սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի, Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի (AACEP), Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (AASW) և «Արևամանուկ» հոգեբանական սոցիալական աջակցության հիմնադրամի կողմից։
«Տրավմայի և ուսման վրա վերջինիս ազդեցությունը հասկանալը կարող է օգնել ուսուցիչներին ավելի լավ ռազմավարություն մշակել աշակերտներին աջակցելու համար», - նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը: «Դա է նաև պատճառը, որ նոյեմբերի սկզբին AACEP-ի և AASW-ի հետ համագործակցությամբ սկսեցինք մեկամսյա առցանց դասընթացներ սոցաշխատողների, ուսուցիչների և կրթության ոլորտում աշխատող հոգեբանների հետ՝ նրանց հմտությունները բարելավելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ժամանակավորապես Հայաստան ժամանած երեխաներին և նրանց խնամակալներին տրամադրվող աջակցությունն ամրապնդելու համար»։
Երեխայի հոգեվիճակը հաշվի առնող ուսուցումը ենթադրում է, որ աշակերտի հուզական և ֆիզիկական բարեկեցությունը, անվտանգության և պատկանելության զգացումը, ինչպես նաև նրանց նախկին և ներկա տրավմաները ազդում են սովորելու կարողության վրա:
Դասընթացն ուսուցիչներին հնարավորություն է տվել հայտնաբերել տրավմայի նախանշանները և պատրաստ լինել համապատասխան կերպով արձագանքել դրանց։
«Այս դասընթացների միջոցով 150 դպրոցական հոգեբաններ հմտացել են արտակարգ իրավիճակներում աշխատելու գործում և կատարելագործել աշակերտներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները։ Հայաստանի հանրակրթական դպրոցների 900 ուսուցիչներ խորացրել են տարբեր տարիքային խմբերում գտնվող, հոգեբանական տրավմա ստացած երեխաների հետ աշխատելու փորձը», - նշել է Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի համահիմնադիր Իրինա Խանամիրյանը:
Դասընթացները օգնել են նաև աշակերտներին միջանձնային կապեր ստեղծելու, սոցիալական մեկուսացումից խուսափելու, ինչպես նաև ինքնախնամքի և ինն իրեն հասկանալու գործում: Կարևորվել է հարազատներին կորցրած աշակերտների կարիքների արձագանքման հարցը։ Ուշադրություն է դարձվել նաև հարցին, թե ինչպես արդյունավետ համագործակցել ծանր հոգեվիճակում գտնվող ծնողների և խնամակալների հետ։
Արմինեն ու իր նոր ընկերներն արդեն պատրաստ են դպրոց վերադառնալուն ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով: Արմինեին ու հարյուրավոր այլ երեխաների ուսման ընթացքում կաջակցեն արդեն վերապատրաստված և հմտացած ուսուցիչներն ու դպրոցի հոգեբանները։ Գործընկերների հետ համատեղ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել երեխաներին, որպեսզի նրանք կարողանան շարունակել ուսումը և դիմակայուն լինել՝ հաղթահարելով հակամարտության հետևանքով առաջացած հոգեբանական ճնշվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սարգսյանը Պուտինին խնդրել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստան...
Ոչ մի հավելված գոյություն չունի. Փաշինյանը հերքեց եռակողմ հայտարարության հավելվածի առկայության մասին լուրերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց այն լուրերը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եռակողմ հայտ...
Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը իր հարցազրույցներից մեկի ընթացքում աս...
Հանրահավաքի մասնակիցները Փաշինյանին ժամանակ տվեցին՝ հրաժարական ներկայացնելու համար - երեքշաբթի ժամը 12։00
Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ են...