«Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կառավարությունը պետք է գնա». նախագահ Արմեն Սարգսյան

Մասնավոր այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

 

Ամփոփելով երկրում ստեղծված հետպատերազմական իրավիճակը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես ընդգծել է․ 

 

«Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով։ Ոչ մի դեպքում, համաձայն չեմ, որ պետք է ճգնաժամը գնահատել հաշվի առնելով միայն հրապարակում հավաքված մարդկանց քանակը։ Եթե հրապարակում ընդհանրապես ոչ ոք չլիներ, դա կնշանակե՞ր, որ ճգնաժամ չկա։ Նայեք մեր շուրջբոլորը, մենք բոլորս ճգնաժամային իրավիճակում ենք։ Դա երկրի, պետության ճգնաժամ չէ, այլ ազգի՝ իրավապաշտպանական, հոգեբանական, ֆինանսական, տնտեսական, հումանիտար։ Ոչ բոլորը կվերադառնան Ղարաբաղ, մի մասը կմնա Հայաստանում, ո՞վ է նրանց մասին հոգ տանելու կամ աջակցելու։ Այսինքն՝ առաջին հերթին պետք է ընդունել, որ ճգնաժամ ունենք, իսկ դա նշանակում է, որ մենք չենք կարող շարունակել այնպես, ինչպես նախկինում էր։ Հայաստանն այլևս ուրիշ երկիր է։ Նույնիսկ ուրիշ է այն Հայաստանի համեմատ, որը կար սեպտեմբերի 27-ին։

Կա քաղաքակիրթ ճանապարհ՝ արտահերթ ընտրություններ, ժամանակավոր ազգային միասնության կառավարություն։ Սա չի նշանակում, որ ամեն կուսակցություն պետք է նախարար ունենա, այլ՝ բոլորի կողմից հարգված մեկը կառավարություն է ձևավորում և նախընտրելի է, որ այդ կառավարությունը լինի տեխնոկրատ։ Այդ կառավարությունը պետք է աշխատի կես կամ մեկ տարի մինչև նոր ընտրություններ, երբ ժողովուրդը նորից ինչ-որ ուժի մանդատ տա։

Այս ընթացքում պետք է նաև հանրաքվե անցկացնել։ Անպայման պետք է փոխել կամ Սահմանադրությունը, կամ էլ այդ Սահմանադրությունը ավելի մարդկային պետք է դարձնել»։

 

Քաղաքականություն