Մոսկվայի որոշ կենտրոններում երեկ ադրբեջանցիները դրոշներով դուրս էին եկել փողոց, կան ձերբակալվածներ. քաղաքագետ Մարիամ Հովսեփյան

Երեկ Ալիևի հայտարարությունից հետո, թե Շուշին գրավել են՝ մոսկվայաբնակ ադրբեջանցիների մոտ նույն էյֆորիկ տրամադրություններն էին, ինչ Բաքվի փողոցներում։ ArmDaily.am-ի հետ զրույցում մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը պատմեց, որ Բաքվի օրինակը վարակիչ էր դարձել նաև Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների համար։

 

Նրանք մոսկովյան շուկաներում միացնում էին իրենց հիմնը, կախել էին դրոշները, որոնցից մեկի վրա անգամ գրիչով գրված է՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»։ Խոսքը «Սադավոդ», «Դուբրովկա» շուկայի մասին է։ Միաժամանակ, Մոսկվայի որոշ կենտրոններում ադրբեջանցիները մեքենաների վրա դրոշներով դուրս էին եկել փողոց, ազդանշաններ էին տալիս և այլ։ Այս էմոցիոնալ վիճակը պայմանավորված է նրանով, որ որ նոյեմբերի 9-ը ադրբեջանական դրոշի տոնն է»։

 

Հովսեփյանը նշեց, որ բախումներ չեն եղել, քանի որ հայերը զգոնություն են դրսևորել։ Միաժամանակ, Ռուսաստանի ոստիկանությունը ցուցում ունի ձերբակալելու ոչ միայն այն վարորդներին, ում մեքենաներից Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշներ են երևալու, այլև մեքենայի մեջ գտնվող բոլոր մասնակիցներին։ «Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվելու էքստրեմիզմի հոդվածով։ Ընդ որում՝ ՕՄՕՆ-ի կողմից այդ «հերոսների» մի մասն արդեն ձերբակալված են»։

 

Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն բավական հանգիստ է փողոցներում։