Կարծում եմ՝ նրանք հատուկ սպասել են, որ  տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածեն. Շուշիում վիրավորված ռուս լրագրող

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում Ադրբեջանի կողմից սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկը, որը Ստեփանակերտում մի քանի վիրահատությունից հետո տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք, դեռևս հիշողություն կորուստը չի վերականգնել, չի հիշում նույնիսկ կնոջ հեռախոսհամարը: Հեռախոս են տվել նրան, բայց, ինչպես նշվում է, դժվար է օգտվելը:

 

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Մենք մեզ հետ չվերցրեցինք ոչ սաղավարտ, ոչ զրահաբաճկոն՝ մտածելով, թե Ստեփանակերտում ապահովված կլինենք պաշտպանիչ միջոցներով: Սակայն ճանապարհին իմացանք Շուշիի եկեղեցուն հասցված հարվածի մասին: Հասանք: Ես նկարում էի հեռախոսով, ավիառեժիմի վրա էր, բայց ինչ որ կերպ, այնուհանդերձ, կարողացել էին ազդանանը բռնել: Ենթադրում եմ՝ հարվածել են հեռախոսից ստացվող ազդանշանի ուղղությամբ: 20 րոպե քայլեցինք, նկարահանեցինք թիրախում հայտնված սրբապատկերները…»:

 

Նա ասել է, որ Հայր Անդրեյն իրենց պատմել է՝ նկուղում հարվածի ժամանակ ընտանիք էր թաքնված: Հոգևորականը պատմել էր, որ անօդաչուները 15 րոպե պտտվել են, ապա բարձրացել: 

Իրենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, երբ երկրորդ հարվածն է հասցվել եկեղեցուն:  

 

Հարց-Հիշո՞ւմ ես այդ պահը:

Յուրի Կոտենոկ -Սարսափելի հարված էր: Ես արդեն կարծում էի, որ սպանված եմ: Փորձում էի աղոթել, ուշքի եկա, սկսեցի վեր կենալ: Ինձ հետ էր երկրորդ լրագրողը՝ Լևոն Արզանովը: Կանչում եմ՝ «Լևա, Լևա»: Շուրջբոլորը  սարսափելի փոշի էր: Մարդիկ էին մոտենում, սկսեցին ինձ դուրս հանել: Մեքենայով ինձ հիվանդանոց էր տեղափոխում սարկավագը, աղոթում էր ինձ համար։ Հետո ես ուշաթափվել եմ։ Արթնացա արդեն այստեղ։ Վերնաշապիկով եմ ծնվել, ոտքեր, ձեռքերիս, անգամ սրտիս մեջ միկրոսկոպիկ բեկորներ կան։ Սակայն ասում են` ապրել կարելի է։ Վիճակս նորմալ է։ Իմ հանդեպ վերաբերմունքը հրաշալի է, հոգ են տանում:

Հարց-Ի՞նչ հասկացար այս պատմությունից:

Յուրի Կոտենոկ-Կարծում եմ՝ նրանք հատուկ սպասել են, որ  տաճարում հավաքվեն մարդիկ ու հարվածեն: Ես նման դաժանության անգամ Չեչնիայում չեմ հանդիպել:

Հարց – Գիտե՞ս, որ նրանք հարվածել են ճիշտ նույն տեղին: Իսկ ասում են, որ արկը նույն տեղը երկու անգամ չի ընկնում…

Յուրի Կոտենոկ –Դա խոսում է այն մասին, որ անօդաչուների օպերատորները հատուկ նշանառում են: Ապշեցուցիչ է: Այնպես որ, բոլոր լրագրողներին, որոնք մնացել են այնտեղ աշխատելու՝ խորհուրդ եմ տալիս ամեն ինչ հաշվի առնել, նվազեցնել գաջեթների օգտագործումը: Տեխնոլոգիան այն մակարդակի է հասել, որ  կարող են հարվածել անգամ անհատապես:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Նրանիցի երկուսը Երևանից արդեն տեղափոխվել են Մոսկվա , իսկ Կոտենոկին դեռ չի թույլատրվում տեղափոխել: