Մարիա Զախարովան ներկայացրել է Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունների մանրամասները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Россия 1 հեռուստաալիքի եթերում մանրամասններ է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Զախարովայի խոսքով՝ բանակցությունները տևել են շուրջ 11 ժամ և ավարտվել են գիշվա ժամը երկուսին: Միևնույն ժամանակ նշվում է, որ նախարարների հանդիպումը սկզբնապես խորհրդակցությունների բնույթ էր կրում, սակայն ընթացքում հաջողվել է փաստաթուղթ մշակել, որը հենակետային է դարձել հակամարտության կարգավորման հարցում:
Մասնակիցները մի քանի անգամ ընդմիջել են, որպեսզի պատվիրակության անդամները կարողանան զանգահարել Երևան և Բաքու:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա (Սերգեյ Լավրովը) բանակցությունների այս փուլին նվիրվել է ամբողջությամբ, ներդրել է իր ողջ բանականությունը, բանակցողի իր բոլոր կարողությունները և մարդկային որակները»,- շեշտել է Զախարովան: Վերջինս ընդգծել է նաև, որ բանակցային գործըթացի կայացման համար մեծ դեր է խաղացել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զախարովայի խոսքով՝ նրա բազմաթիվ հեռախոսազրույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ հիմք են դրել հակամարտության կարգավորման համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մոսկվայում հանդիպում է կայացել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, որի արդյունքում հայտարարվել է մարդասիրական հրադադարի որոշման մասին, որը պետք է ուժի մեջ մտներ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից, սակայն Ադրբեջանը բազմիցս խախտել է այն: