
Կրակի լիակատար դադարեցման դեպքում կկարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ՌԴ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հանդիպումն անցել է կառուցողական, բարձր փոխվստահության մթնոլորտում և եղել է շատ բովանդակալից:
«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Մեր դիրքորոշումը հիմնվում է բազմակողմանի համագործակցության վրա, որի ուղղությամբ մենք ունենք բազմավեկտոր երկխոսություն: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի այցելությունների դինամիկային: Ռուսաստանն անփոփոխ հանդիսանում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը»,- նշեց Մնացականյանը:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Մնացականյանը նշեց, որ այն դարձել է տարածաշրջանի անվտանգության համար անվտանգության սպառնալիք:
«Մեր հայրենակիցները Արցախում առերեսվում են գոյաբանական սպառնալիքի հետ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ագրեսիա է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ՝ պնդելով հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով և ժողովրդի ֆիզիկական վերացմամբ»,- ասաց նախարարը՝ ներկայացնելով քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակարանների, մշակութային հաստատությունների վնասները, տվյալներ ներկայացրեց տուժած ու մահացած քաղաքացիական անձանց մասին:
Մնացականյանը հիշեցրեց, որ Արցախի խորհրդանիշներից մեկի՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն երկրորդ անգամ հարվածելիս վիրավորվել են նաև ռուս լրագրողներ:
«Գոյություն ունի գոյաբանական վտանգ, որի մասին մենք խոսում ենք տասնամյակներ շարունակ, որի հետ Արցախի բնակչությունն առնչվում է: Սա բացասական գործոն է, մասնավորապես Թուրքիայի անմիջական ներգրավվումը, Սիրիայից և Լիբանանից ահաբեկիչ հրոսակների ներգրավվումը: Դա ապացուցվել է ոչ միայն մեր աղբյուրների կողմից, այլև արձանագրվել և հայտարարվել է համաշխարհային հանրության կողմից: Ռուսաստանի դերակատարումն այս գործում շատ կարևոր է»,- ընդգծեց Մնացականյանը՝ կարևորելով երկու օր առաջ արված համատեղ հայտարարությունը:
Նրա խոսքով՝ հրադադարի նշանակալի արդյունքներ դեռ չկան: Մնացականյանն ընդգծեց՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտականությունները հրադադարի վերաբերյալ:
«Միայն կրակի լիակատար դադարեցման դեպքում մենք կկարողանանք առաջ շարժվել բոլոր ուղղություններով: Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Արցախյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բանակցությունների միջոցով, և մենք ամեն կերպ կնպաստենք դրան: Այսօր, վաղը հանդիպումներ եմ ունենալու իմ գործընկերների, համանախագահների հետ և ես ուզում եմ ընդգծել, որ ազդեցությունն ու այն հարվածը, որն արել է Ադրբեջանը խաղաղ գործընթացին, չի կարող հաշվի չառնվել:
Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք ամեն բան անելու ենք, որ ապահովենք Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, տարածաշրջանը մաքրենք ահաբեկիչներից և բացասական ազդեցությունից»,- հավելեց Մնացականյանը: