
Անհրաժեշտ է դադարեցնել այս վայրագությունը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. ԱԳ նախարար

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ գրեթե 11 ժամ տևած բանակցություններից հետո «Լուրերի» հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ՝ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից՝ կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ընդգծել է Մնացականյանը: Հայաստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է փխրուն, և անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:
«Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր, և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ: Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը: Նա նաև ասել, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն ունենալ չի կարող: «Առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»,- եզրափակել է Մնացականյանը: