
Այժմ դիտարկվում է Արցախում վիրավորված ռուս լրագրողներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ռուսական Աառաջին ալիքին հայտնել է, որ ԼՂ Շուշի քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, այժմ նրանց Ռուսաստան ուղարկելու հարցն է քննարկվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Վիրավորված լրագրողին հաջողությամբ վիրահատել են, նրա մյուս երկու գործընկերները, որոնք ոչ պակաս ծանր վիրավորում էին ստացել, նույնպես անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։ Այժմ դիտարկվում է նրանց հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր վիրավորում ստացած երեք լրագրողների մասին: Հայտնի է, որ նրանցից մեկը՝ ռուս բլոգեր Յուրի Կոտենոկը, գտնվում է ծանր վիճակում: Նշվում է, որ վիրավորներից մեկն էլ «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովն է: