Մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Երեկ ողջ գիշեր և այսօր առավոտյան մարտերը շարունակվել են: Ընդհանուր առմամբ ամբողջ ուղղությամբ մարտերը շարունակվում են: Այսօր, ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հեռահար հրթիռային և այլ օդային հարձակման միջոցներով հարվածներ են հասցրել խաղաղ բնակչությանը՝ Ստեփանակերտին, Շուշիին և այլ բնակավայրերի: Կան համապատասխան տեսանյութեր»,- նշեց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ էլ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում Պաշտպանության բանակը հաջողություններ է գրանցել հյուսիսային ուղղությամբ:
«Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել: Կարող եմ մի բան ասել. պատերազմ է, իրավիճականեր կան, որ կարող են լինել մեծ դժվարություններ, նահանջներ, թևանցումներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուքային նյութերի խոշոր պահեստ:
«Կարելի է ասել, որ գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զինտեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն էլ անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Մեծ թվով զրահատեխնիկա են կորցրել՝ մի մասը ջախջախված, մի մասն էլ սարքին վիճակում: Մնացածն էլ դաշտից ուղղակի փախել են»,- նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Արցախի ՊԲ-ն հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու...
Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտադաշտ է նետել ռեզերվային ուժեր և լայնամասշտաբ գրոհ է սկսել
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ, Արցախի ՊԲ տեղեկությունների համաձայն, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժեր...
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց
Հարավային ուղղությամբ րոպեներ առաջ հակառակորդի երկու ԱԹՍ խոցվեց․ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շ...