Իսրայելական IAI-ն 155 մլն դոլար է փոխանցել Ադրբեջանի համար փողերի լվացման մեջ կասկածվող 2 ընկերության. razm. info

Գաղտնազերծվել են բանկային փաստաթղթեր, որտեղ երևում է, որ իսրայելական պետական ռազմարդյունաբերական Israel aerospace industries (IAI) ընկերությունը 2012-14թթ. ընթացքում մոտ 155 մլն դոլար գումար է փոխանցել Ադրբեջանի կառավարության համար փողերի լվացման մեջ կասկածվող Jetfield Networks և Larkstone ընկերություններին։ Փոխանցման գործարքի մանրամասներն անհայտ են։

Գաղտնազերծված փաստաթղթերը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից (ICIJ) փոխանցել են իսրայելական “Shomrim” լրատվական գործակալությանը, որն էլ հրապարակել է դրանց հիման վրա արած իր հետաքննությունը։ Այս մասին գրում է Razminfo-ն: 

Փոխանցման մասին բանկային փաստաթղթերը եղել են բոլոր այն գործարքների թվում, որոնց համար գերմանական Deutsche Bank֊-ը կազմել է կասկածելի գործունեության մասին հաշվետութվություններ և փոխանցել ԱՄՆ ֆինանսների նախարարության կազմում գործող Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցին` ստուգելու։ Այնուամենայնիվ, հետաքննության հեղինակները նշում են՝ միայն այն, որ գործարքը փոխանցվել է այդ կառույցին, դեռ չի նշանակում, որ այն պարտադիր ոչ օրինական է եղել։ 

Ըստ աղբյուրի՝ հավանաբար գումարը փոխանցվել է 2012թ․ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ստորագրված մոտ 1,6 մլն դոլարի խոշոր գործարքից հետո։ Ընկերություններից առաջինին՝ Jetfield-ին, գումարի փոխանցումը սկսվել է 2012թ․ հունիսից, վերոնշյալ խոշոր գործարքից ընդամենը մի քանի ամիս անց։ Փոխանցումներ եղել են նաև նույն տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին։ Deutsche Bank-֊ի հաշվետվություններից երևում է, որ 2014թ. դրությամբ Jetfield-ին փոխանցվել է ավելի քան 116 մլն դոլար, իսկ Larkstone֊ին՝ 39 մլն։

Լրագրողները փորձել են այս հարցով իսրայելական ընկերությունից մեկնաբանություն ստանալ, որտեղ նրանց միայն պատասխանել են, որ ընկերությունը օրենքի դրույթներին համապատասխան գործունեություն է ծավալում և չի պատասխանելու իր գործունեության վերաբերյալ օրենքից դուրս տրվող հարցերին։   

Այս երկու ընկերություններին փոխանցված գումարներն ուշագրավ են այն առումով, որ դրանք 2017թ․ գաղտնազերծված այլ բանկային փաստաթղթերի համաձայն ծառայել էին որպես «ադրբեջանական լվացքատուն»։ Ըստ դրանց՝ մոտ 2,5 մլրդ եվրո փոխանցվել էր Անգլիայում գրանցված 4 ընկերության, որոնք մտերիմ կապեր ունեն Ադրբեջանի իշխանությունների հետ և որոնց միջոցով գումարը «լվացվել էր»։ Ըստ հետազոտության՝ փոխանցող ընկերություններից մեկը Jetfield֊-ն է եղել, իսկ Larkstone-ը մասնակից է եղել ընդհանուր գործողություններին։  

Jetfield և Larkstone ընկերությունների բենեֆիցիարը նույն մարդն է՝ ադրբեջանցի Ջավիդ Հուսեյնովը։ Jetfield ընկերությունը բացվել է 2009թ․ Նոր Զելանդիայում, որից երեք տարի անց՝ 2012-ի փետրվարին, տեղափոխվել է Մարշալյան կղզիներ։ Ըստ իսրայելական աղբյուրի՝ հենց ընկերության տեղափոխության հետ միաժամանակ է իսրայելական մեդիան սկսել գրել Ադրբեջանի հետ խոշոր գործարքի մասին, իսկ դրանից 4 ամիս անց, փաստորեն, սկսել են դրամական փոխանցումները։

Հիշեցնենք, որ IAI-ն և Ադրբեջանը համագործակցել են ռազմարդյունաբերական տարբեր ոլորտներում, այս ընկերությունից Ադրբեջանի ձեռք բերված սպառազինության հաստատված գնումների մեջ են Heron մարտավարական հետախուզական և Harop հարվածային «մահապարտ» ԱԹՍ-ները, LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռները, որոնք տեղադրվել են Մի-17 ուղղաթիռների վրա, Barak-8 ՀՕՊ համակարգը, ELM-2084 բազմանպատակային ռադարները, ինչպես նաև IAI Sky Capture ռադարային ղեկավարման համակարգերը:

Քաղաքականություն