Նորանշանակ փոխոստիկանապետը 2019-ին 48 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել Երևանի կենտրոնում
ՀՀ նորանշանակ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության՝ ՀՀ-ում ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 19-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը:
ՀԺ-ն նշում է, որ ըստ հայտարարագրի՝ տարեսկզբին Ֆիդանյանն ունեցել է 1 առանձնատուն Դիլիջանում: Տարվա ընթացքում նա եւ իր կինը՝ Գայանե Սարգսյանը, 48 մլն դրամով առանձնատուն են ձեռք բերել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում: Արդյունքում տարեվերջին նա ունեցել է 2 անշարժ գույք:
2019-ի սկզբին փոխոստիկանապետն ունեցել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է:
Ըստ հայտարարագրի՝ Ֆիդանյանը չունի ո՛չ կանխիկ եւ ո՛չ էլ՝ անկանխիկ միջոցներ:
2019-ին նա 2 աղբյուրից եկամուտ է ստացել. 5 մլն 340 հազար 192 դրամ աշխատավարձի տեսքով ստացել է ՀՀ ոստիկանությունից, 289 հազար 550 դրամ աշխատավարձի տեսքով ստացել է ոստիկանության կրթահամալիրից:
Ֆիդանյանի կինը՝ Գայանե Սարգսյանը, 2019-ի սկզբին բաժնային սեփականության իրավունքով Երեւանի Կենտրոնում ունեցել է դեռեւս պետական գրանցում չստացած նորակառույց շինության ½ բաժնեմաս: Ինչպես արդեն նշեցինք, տարվա ընթացքում ամուսնու հետ ձեռք է բերել առանձնատուն Կենտրոն վարչական շրջանում:
Արդյունքում տարեվերջին Սարգսյանը ½ բաժնային սեփականության իրավունքով 2 անշարժ գույք է ունեցել:
Գայանե Սարգսյանը եւս կանխիկ եւ անկանխիկ միջոցներ չունի՝ ըստ հայտարարագրի: Նա 2019-ին 2 մլն 190 հազար դրամի չափով եկամուտ է ստացել «Ամերիաբանկ»-ից՝ որպես աշխատավարձ:
Ֆիդանյանի հայրը՝ Խորեն Ֆիդանյանը, 2019-ի սկզբին ունեցել է «NISSAN» մակնիշի ավտոմեքենա, որը տարեվերջին պահպանվել է: Նա 2019-ին ստացել է 480 հազար դրամ եկամուտ՝ որպես կենսաթոշակ:
Ֆիդանյանի մայրը՝ Թագուհի Հարությունյանը, 2019-ի սկզբին ունեցել է 1 առանձնատուն Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որը տարեվերջին պահպանվել է:
Նա տարեսկզբին բանկում ունեցել է 25 հազար դոլար եւ 12 մլն դրամ ավանդ, որը տարեվերջին առկա չի եղել: