«Մասիվցի Անդիկի» սպանության մեջ մեղադրվողը չկա, ամբաստանյալի աթոռին է միայն օժանդակողը
«Օրենքով գող» համարվող Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» սպանության գործով ամբաստանյալի աթոռին է հայտնվել միայն օժանդակելու մեջ մեղադրվողը, իսկ բուն սպանության մեջ կասկածվողի տեղը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկ»-ի դին։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախնական քննության տվյալների համաձայն՝ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ քաղաքացի Սուլեյման Միիևը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր կերպով սպանությունը եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերել ու պահելը։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ու առայժմ չի հայտնաբերվել։ Փոխարենը կալանավորվել է Երեւանի 50-ամյա բնակիչը, ով մեղադրվում է սպանությանն օժանդակելու մեջ ու գործն արդեն դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Սպանության օժանդակության մեջ մեղադրվող Արմեն Ղարիբյանը շուրջ մեկ տարի է, ինչ կալանավորված է, մինչդեռ փաստաբանը պնդում է, որ նրա առնչությունը հաստատող որևէ ապացույց չկա։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ գործում առկա նյութերի գերակշիռ մեծամասնությունը՝ 99 տոկոսը վերաբերում է Սուլեյման Միիևին։ Արձանագրելով, որ չի ցանկանում խախտել վերջինիս անմեղության կանխավարկածը՝ փաստաբանը նշեց, որ միակ հանգամանքը, որով փորձում են իր պաշտպանյալին կապել դեպքի հետ, դա Ղարիբյանի տանը հայտնաբերված հեռախոսն է, որով, ենթադրաբար կապ է եղել Սուլեյման Միիևի հետ։ Սարդարյանի խոսքով՝ ենթադրյալ հեռախոսազանգը չի կարող վկայել օժանդակության մասին և լինել բավարար ապացույց, որ վերջինս իմացել է նրա ծրագրերի մասին։
Ինչ վերաբերում է տուժողի հետ կապին, Սարդարյանը նշեց, որ իր պաշտպանյալը որևէ կապ չի ունեցել Անդրանիկ Հարությունյանի հետ եւ դատական նիստում պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ իր պաշտպանյալի վերաբերյալ ապացույցները հետազոտելու մասին։
Մասնավորապես, փաստաբանը պատրաստվում է միջնորդել, որ գործից անջատվի և հետազոտվի միայն իր պաշտպանյալին վերաբերող ապացույցները, քանի որ կարծում է, որ առկա ապացույցները հիմնականում վերաբերում են Սուլեյման Միիևին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է իրականում տեղի ունեցել 2016թ. ապրիլին. ՊԲ նախկին խոսնակը մանրամասներ է պատմում
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ապրիլյան քառօրյայի մասին քննարկումներին:«Չգիտ...
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման ներկայացրեց առողջապահության նախարարութ...
Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ապաքինվել է 262 մարդ
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կո...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...