Հասարակություն

Թույլ են տվել, որ 120 հոգանոց հարսանիք կազմակերպվի

WRed
Թույլ են տվել, որ 120 հոգանոց հարսանիք կազմակերպվի

Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել թիրախային. քաղաքացիների ահազանգերի հետքերով ՍԱՏՄ տեսուչները հայտնաբերում են նաև սահմանված պահանջները հստակ գիտակցող, սակայն, այնուամենայնիվ,  խախտում կատարելուց չխուսափող կազմակերպություններ:

Այսպես, օրերս ՍԱՏՄ-ն ահազանգ էր ստացել քաղաքացուց առ այն, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք, որին մասնակցելու է 120 անձ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի  մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ: 

Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

ՍԱՏՄ մասնագետներն այսօր նաև ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում: Տնտեսավարողներն, ընդհանուր առմամբ, շարունակում են օրինակելի գործելաոճը: 

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալրջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսավարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից