Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժման հարցերով, մենք բժիշկներ չենք. Պեսկովը՝ Նավալնիի հոսպիտալացման մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու հարցով վերջինիս ներկայացուցիչներից Կրեմլում պաշտոնական դիմում չեն ստացել, սակայն տեղյակ են, որ այդ մասին հաղորդագրություններ եղել են սոցցանցերում: Պեսկովի կարծիքով՝ նման հարցերում «ավելորդ բյուրոկրատիա պետք չէ», գրում է meduza.io-ն։
«Որքան մեզ հայտնի է, մեր բժիշկները Գերմանիայից օդանավով ժամանած բժիշկներին հրավիրել են այցելել հիվանդանոց, մասնակցել կոնսիլիումին, ստանալ բոլոր տեղեկությունները բուժման մեթոդների, առկա անալիզների մասին և այլն։ Չգիտեմ՝ գերմանացիները գնացել են, թե ոչ, բայց մեր բժիշկները կապի մեջ են»,-ասել է Պեսկովը՝ հավելելով, որ բուժող բժշկի կարծիքով՝ մինչև վերջ հայտնի չէ, թե ինչն է դարձել վերջինիս հոսպիտալացման պատճառը, այդ պատճառով Նավալնիի տեղափոխումը դեռևս հնարավոր չի լինի։
«Դա կարող է վտանգ ներկայացնել նրա առողջության համար»,-ասել է Պեսկովը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությունները միջամտել են Նավալնիի՝ Գերմանիա տեղափոխումը խոչընդոտելուն, Պեսկովն ասել է. «Դա բուժող բժշկի որոշումն է: Դա շատ կարևոր է։ Խոսքը փոխադրման մասին է, որը կարող է սպառնալ հիվանդի կյանքին»։
Նա հավելել է, որ նախագահի վարչակազմը ոչ մի կերպ չի միջամտում այդպիսի հարցերին։
«Մենք բժիշկներ չենք»,- հավելել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր լրագրողներին հայտնել էր, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում: Ըստ նրա՝ հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր:
Մուրախովսկին նշել էր նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։