ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Բելառուսի մշակույթի նախկին նախարարը ընդդիմության Համակարգող խորհրդին անդամակցելուց հետո սպառնալիքներ է ստանում. տունը վանդալիզմի են ենթարկել

Բելառուսի մշակույթի նախկին նախարար, ընդդիմության կողմն անցած ու Համակարգող խորհրդի կազմում ընդգրկված Պավել Լատուշկոյի տան պատերին կարմիր ներկ են լցրել, իսկ դարպասի վրա սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ նկարել, գրում է meduza.io-ն։

Tut.by-ի հետ զրույցում Լատուշկոն պատմել է, որ տան լուսանկարներն իրեն փոխանցել են ընկերները. ինքն արդեն մի քանի օր է՝ այնտեղ չի գիշերում։ Լատուշկոն հավելել է, որ սպառնալիքներ է ստանում այն մարդկանցից, որոնք հղում են անում հատուկ ծառայությունների հետ կապերին։ Բացի այդ, նրան առաջարկում են շտապ լքել Բելառուսը։ Նրա փոխանցմամբ՝ նմանատիպ առաջարկ վերջին անգամ ստացել է երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ին։

«Ինձ զգուշացրել են «ընդունված» որոշման մասին, այն է՝ ինձ ձերբակալել կոշտ ձևով՝ առավելագույն բռնության կիրառմամբ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ իրեն առաջարկել են չարտերային չվերթ, որպեսզի անմիջապես լքի երկիրը և չմիանա Համակարգող խորհրդին։

Նա նաև հայտարարել է, որ մտադիր չէ մեկնել Բելառուսից, բայց արտասահման է ուղարկել իր հարազատներին։

Պավել Լատուշկոն Բելառուսի մշակույթի նախարարն է եղել 2009-2012 թվականներին։ Օգոստոսի 9-ին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նա աջակցություն է հայտնել ցուցարարներին, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ:

Ավելի վաղ Բելառուսի ընդդիմությունը հրապարակել էր, այսպես կոչված, իշխանության փոխանցման հարցով Համակարգող խորհրդի նախնական կազմը: Ցուցակում ներկա պահին 36 մարդ է ներառված: Նրանց թվում են գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը, ինչպես նաև ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և մյուս ընդդիմադիր թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի նախընտրական շտաբի անդամները, մի շարք լրագրողներ, գործարարներ և հասարակական գործիչներ:

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

 

Պատահարներ