Լիտվայի վարչապետը հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայայի հետ

Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնյալիսը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ․ այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ 

Կառավարության ղեկավարը հրապարակման մեջ հերթական անգամ ընդգծել է, որ Մերձբալթյան երկրները պատրաստ են Բելառուսում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցել, և հույս է հայտնել, որ Տիխանովսկայայի երեխաները Մինսկում կալանքի տակ գտնվող իրենց հորը շուտով գրկելու հնարավորություն կունենան։

Սկվերնյալիսը նշել է, որ Տիխանովսկայայի հետ հանդիպման ժամանակ քննարկել են այն ամենը, թե ինչի միջով է նա ստիպված եղել անցնել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ այժմ Բելառուսում ազգային զարթոնք է նկատվում, ինչին Վիլնյուսը միայն աջակցում է։ Պաշտոնյան հավելել է, որ «ազատ հանրության ձևավորման ճանապարհը հեշտ չի լինելու և վճռականություն է պահանջելու»։ 

Հիշեցնենք, որ օգստոսի 11-ին Տիխանովսկայան լքել էր Բելառուսը և Լիտվա մեկնել։ Նա խոստովանել էր, որ երկընտրանքի առաջ է կանգնել, և հիշատակել էր իր երեխաներին։

Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ տարավ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները:

Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, վերջերս հայտնել է, որ պատրաստ է անցումային շրջանում՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը, երկրի ազգային առաջնորդը դառնալ։

Պատահարներ