
10 ամիս առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին տեղափոխել են հիվանդասենյակ

Եղեգնաձորում 10 ամիս առաջ դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փոխգնդապետի եղբայրը՝Կարեն Մխիթարյանը՝ նշելով, որ այնտեղ արդեն եղբորը կխնամի մայրը:
«Եղբայրս շարունակում է կոմայի մեջ մնալ, ուղղակի սարքավորումներն են անջատել և հիվանդասենյակ են տեղափոխել, որպեսզի մայրս կարողանա մնա և խնամի: Դեռ չենք ցանկանում տուն տեղափոխել, քանի որ մտածում ենք կարող է վիճակը վատանա, գոնե բժիշկների վերահոսկողության ներքո կգտնվի»,- ասել է նա:
Նշենք, որ այս գործով առանձնացված մասն արդեն ուղարկվել է դատարան, դեռ դատի օր չկա նշանակված:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին անգիտակից վիճակում, «գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամասի սպա Արա Մխիթարյանը և ենթարկվել է շտապ վիրահատության:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: